«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ «Կամպ Նոու» ստադիոնը պատրաստ է հանդիպումներ ընդունելուն, հայտնում է Diario Sport-ը։
«Չեմ ցանկանում ճնշում գործադրել Բարսելոնայի քաղաքային խորհրդի վրա, բայց գնդակը նրանց դաշտում է։ Որքան շուտ նրանք թույլտվություն տան, այնքան արագ մենք կվերադառնանք ստադիոն։
Վերադարձը տեղի կունենա երեք փուլով։ Առաջին փուլն արդեն անցել ենք. կառուցապատողը նույնպես հաստատել է։ Այժմ սպասում ենք միայն քաղաքային խորհրդի թույլտվությանը։
Մենք կատարել ենք բոլոր պահանջները` խորհրդին ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։ «Կամպ Նոուն» պատրաստ է հանդիպումներ ընդունելուն։ Ստացել ենք նաև Լա լիգայի և ՈՒԵՖԱ-ի թույլտվությունը։
Առաջին փուլով մեզ թույլ կտան տնային հանդիպումներ անցկացնել «Կամպ Նոուում», իսկ երկրպագուների թիվը քիչ-քիչ կավելանա։ Երկրպագուներն արժանի են տուն վերադառնալուն»,- ասել է կատալոնական ակումբի նախագահը։
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի տնային առաջին հանդիպումներն անցկացրել է «Յոհան Կրոյֆ» ստադիոնում, որը տեղավորում է 6000 հանդիսական։ Ակումբը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղում էլ հանդես կգա Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում։


