FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Վանին»:
1. Fastex Պրեմիեր լիգայում 5-րդ մրցաշրջանն անցկացրած «Վանը 33-րդ առաջնությունում զբաղեցեց 5-րդ տեղը՝ կրկնելով 2022/23թթ. գրանցած իր լավագույն արդյունքը: Վահե Գևորգյանի գլխավորությամբ անցկացրած 30 հանդիպումներում թիմը վաստակեց 52 միավոր (15 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 8 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 56-36), ինչը հնարավոր միավորների 57,7 տոկոսն է:
Նախորդ առաջնության համեմատ «Վանը» զգալի առաջընթաց է գրանցել՝ 20 միավոր ավելի վաստակելով: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության 36 հանդիպումներում «Վանը 32 միավոր էր վաստակել (8 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 20 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 32-67)՝ զբաղեցնելով 9-րդ տեղը, ինչը վատագույն արդյունքն էր թիմի պատմության մեջ:
2. Սեփական դաշտում անցկացրած 15 հանդիպումներում «Վանի» օգտին 27 միավոր գրանցվեց (8 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 36-19), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Չարենցավանում «Վանը» պարտվել է «Արարատ-Արմենիային» (0-2, 2-3), «Փյունիկին» (1-3) և ԲԿՄԱ-ին (2-3):
Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում «Վանը» վաստակեց 25 միավոր (7 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 20-17), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է: Մրցակցի դաշտում «Վանը» հաղթել է «Շիրակին» (2-0, 1-0), ԲԿՄԱ-ին (1-0), «Արարատին» (3-0), «Վեստ-Արմենիային» (2-0), «Գանձասարին» (2-1) և «Ուրարտուին» (2-0):
3. Առաջնությունում «Վանը» թիմային մի շարք ռեկորդներ թարմացրեց: Հաղթանակների, նվազագույն պարտությունների, խփած գոլերի և վաստակած միավորների քանակը ռեկորդային է «Վանի» պատմության մեջ: Առաջին անգամ թիմի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը դրական է՝ +20: Մինչև այդ լավագույն ցուցանիշը գրանցվել էր 2020/21թթ. առաջնությունում՝ -5 (27-32):
Թիմը 8 խաղ շարունակ անպարտելի էր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Մինչև այդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2022/23թթ. առաջնությունում, որում «Վանը» 5 անպարտելի խաղերի շարք էր գրանցել:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 4 անընդմեջ հաղթանակ տարավ՝ գերազանցելով 2020/21թթ ռեկորդային ցուցանիշը (3 անընդմեջ հաղթանակ):
«Վանի» ֆուտբոլիստներին հաջողվեց 18 խաղ շարունակ գրավել մրցակիցների դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 34 գոլ: Նախկին լավագույն ցուցանիշը գրանցվել էր նախորդ առաջնությունում (6 խաղում 13 գոլ):
Առաջնության ընթացքում «Վանը» 4 անընդմեջ պարտություն կրեց, միայն 3 խաղում գոլ չխփեց («Արարատ-Արմենիա»՝ 0-2, «Նոա»՝ 0-5, «Փյունիկ»՝ 0-1):
30 հանդիպումներից 11-ում թիմի դարպասն անառիկ մնաց, ընդ որում 3 խաղ անընդմեջ, 357 րոպե շարունակ: Դա ևս թիմային նոր ռեկորդ է: Նախկինում «Վանը» նախորդ առաջնությունում 9 խաղում գոլ բաց չէր թողել, իսկ 2020/21թթ. 302 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել:
Չարենցավանի թիմը թարմացրեց նաև ՀՀ առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը՝ 6-0 հաշվով պարտության մատնելով «Վեստ-Արմենիային»: Մինչև այդ ամենախոշոր հաշվով հաղթանակը (4-0) «Վանը» տարել էր «Լեռնային Արցախի» (2022/23թթ.) և «Շիրակի» (2023/24թթ.) նկատմամբ:
Ընդհանուր առմամբ «Վանն» առաջնությունում խոշոր հաշվով 4 հաղթանակ տոնեց՝ պարտության մատնելով նաև «Գանձասարին»՝ 6-1 և «Արարատին»՝ 3-0, 4-0: Խոշոր հաշվով միակ պարտությունը Չարենցավանի թիմը կրեց «Նոայից»՝ 0-5:
4. «Վանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 7 հարված, որից իրացվել է 6-ը: Հետաքրքիր է, որ բոլոր հարվածներն էլ նշանակվել են միայն առաջնության աշնանային հատվածում: «Վանի» օգտին նշանակված 11մ 2 հարվածներն էլ հաջող են իրացրել Կարեն Նալբանդյանն ու Մոմո Տուրեն՝ խոցելով համապատասխանաբար գանձասարցի Սերգեյ Դոցենկոյի և «Վեստ-Արմենիայի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասները:
Դանիիլ Պոլյանսկու դարպասին նշանակված 11մ 5 հարվածներից իրացվել է 4-ը: «Վանի» դարպասապահը հետ է մղել փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոյի հարվածը:
Իսկ Ալեքսիս Ռոդրիգեսը («Արարատ-Արմենիա»), ալաշկերտցի Ժոզե Էմբալուն, «Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևն ու բանակային Արայիկ Էլոյանը գրավել են Պոլյանսկու պաշտպանած դարպասը:
5. Առաջնությունում «Վանի» խփած 56 գոլերի հեղինակներ դարձան թիմի 15 ֆուտբոլիստներ, ինչպես նաև սեփական դարպասը գրաված «Վեստ-Արմենիայի» պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին: Կարեն Նալբանդյանը, Ջեսսի Ակիլան, Ջոն Բատիգին, Իզուչուկվու Օկոնկվոն, Օլավալե Ֆառայոլան, Կաջալի Դրամեն, Մամադու Դիալոն, Լևոն Վարդանյանը, Ջուլիեն Բատիոնոն, Ուսման Աջիբոնան, Դավիթ Տերտերյանը, Կլայդեր Մասեդոն, Ռոբերտ Հակոբյանը և Մալիկ Օդեյինկան բացեցին գոլերի հաշիվը «Վանի» կազմում:
Առաջնությունում բոլորից արդյունավետ գործեց Մոմո Տուրեն՝ խփելով 12 գոլ: Fastex Պրեմիեր լիգայում թիմի կազմում խփած 17 գոլով Տուրեն դարձավ «Վանի» պատմության գլխավոր ռմբարկուն՝ գերազանցելով Էդգար Մովսեսյանի ցուցանիշը, որի հաշվին 13 գոլ է գրանցված:
Նա նաև գերազանցեց Մովսեսյանին պատկանող մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս 2022/23թթ. առաջնությունում 9 գոլ էր խփել:
Կարեն Նալբանդյանը (7 գոլ), Ջոն Բատիգին (7 գոլ), Իզուչուկվու Օկոնկվոն (6 գոլ), Ջեսսի Ակիլան (5 գոլ) և Կաջալի Դրամեն (5 գոլ) ընդգրկվեցին «Վանի» պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում:
6. Ջոն Բատիգին դարձավ «Վանի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 18 տարեկան 53 օրականում: Նա գերազանցեց Սանի Բուհարիի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացել էր 18 տարեկան 314 օրականում:
Առաջնությունում խփած 7 գոլով 18-ամյա Բատիգին արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախկին արարատցի Էլոկվու Էզուկամի ցուցանիշը, որը 2002թ. 18 տարեկանում 5 գոլ էր խփել: Բատիգին նաև դարձավ ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ գանացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով 6 գոլ խփած Էդվարդ Կպոդոյի ցուցանիշը:
7. 23-ամյա Ջեսսի Ակիլան աշնանային հատվածում խփած 4 գոլով արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստ Ստեֆան Աջումանիի ցուցանիշը, որն այդ տարիքում «Վանում» բոլորից շատ՝ 3 գոլ էր խփել:
Առաջնության գարնանային հատվածում խփած 4 գոլով 19-ամյա Իզուչուկվու Օկոնկվոն արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստներ Ջոսուե Գաբայի, Պավել Գորելովի և Սանի Բուհարիի ցուցանիշը, որոնք այդ տարիքում «Վանում» բոլորից շատ՝ 2-ական գոլ էին խփել:
Ուսման Աջիբոնան (18 տարեկան 78 օրական), Իզուչուկվու Օկոնկվոն (18 տարեկան 194 օրական), Մալիկ Օդեյինկան (18 տարեկան 332 օրական) և Ջուլիեն Բատիոնոն (19 տարեկան 182 օրական) ընդգրկվեցին «Վանի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:
Արսեն Բեգլարյանն (32 տարեկան 99 օրական) ու Յուրի Գարեգինյանը (31 տարեկան 109 օրական) ընդգրկվեցին «Վանի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:
8. «Վանի» դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: Առաջնության աշնանային հատվածի բոլոր 17 հանդիպումներում դարպասի պաշտպանությունը վստահվել էր Դանիիլ Պոլյանսկուն, որը 21 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,23 գոլ), 7 անգամ դարպասն անառիկ պահեց:
Գարնանային հատվածում հիմնական դարպասապահն «Արարատ-Արմենիայից» չարենցավանյան ակումբ տեղափոխված Արսեն Բեգլարյանն էր, որն անցկացրած 11 հանդիպումներում 12 գոլ բաց թողեց, 4 խաղում դարպասն անառիկ պահեց:
Անատոլի Այվազովը 2 խաղում 3 գոլ բաց թողեց:
9. Առաջնությունում «Վանի» ամենատարեց ֆուտբոլիստը 32-ամյա Արսեն Բեգլարյանն էր: Նա նաև Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (237) «Վանի» ամենափորձառու ֆուտբոլիստն էր: Իսկ թիմի ներկայիս կազմից Fastex Պրեմիեր լիգայում «Վանում» բոլորից շատ՝ 40 խաղի է մասնակցել Մոմո Տուրեն:
18-ամյա Ջոն Բատիգին և Ուսման Աջիբոնան թիմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն էին: Աջիբոնան դարձավ «Վանի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնականը: Մարտի 1-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղում նա թիմի կազմում նորամուտը նշել էր 18 տարեկան 6 օրականում:
Ջոն Բատիգին (18 տարեկան 41 օրական) և Իզուչուկվու Օկոնկվոն (18 տարեկան 121 օրական) ընդգրկվեցին «Վանի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:
10. «Վանն» ամենակայուն կազմն ունեցող թիմերից մեկն է: 30 հանդիպումներում Վահե Գևորգյանը խաղադաշտ դուրս բերեց 26 ֆուտբոլիստների, որոնցից 16-ն այլազգի էին:
Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանում թիմի կազմում հանդես եկած 40 ֆուտբոլիստներից միայն Մոմո Տուրեն էր 33-րդ առաջնությունում խաղում «Վանում»: Մնացած 25 ֆուտբոլիստները նորամուտը նշեցին «Վանում»:
Առաջնության հանդիպումներում «Վանի» ֆուտբոլիստները 68 անգամ զգուշացվել են, Էմանուել Ջոնը, Ալիուն Ջունիոր Դոսոն, Յարոսլավ Մատյուխինն ու Մոմո Տուրեն մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 8 անգամ դեղին քարտի է արժանացել Մոմո Տուրեն:
FastNews-ը ներկայացնում է «Վանի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Կլայդեր Մասեդո |
29 |
1 |
5 |
2. Կարեն Նալբանդյան |
28 |
7 |
3 |
3. Իզուչուկվու Օկոնկվո |
28 |
6 |
6 |
4. Դավիթ Տերտերյան |
27 |
2 |
5 |
5. Մոմո Տուրե |
26 |
12 |
8 (1) |
6. Էմանուել Ջոն |
26 |
- |
5 (1) |
7. Օլավալե Ֆառայոլա |
25 |
2 |
- |
8. Արսեն Սադոյան |
25 |
- |
1 |
9. Ջեսսի Ակիլա |
24 |
5 |
3 |
10. Կաջալի Դրամե |
24 |
5 |
3 |
11. Ռոբերտ Հակոբյան |
23 |
1 |
4 |
12. Սերոբ Գրիգորյան |
23 |
- |
2 |
13. Յուրի Գարեգինյան |
22 |
- |
5 |
14. Յարոսլավ Մատյուխին |
21 |
- |
3 (1) |
15. Ջոն Բատիգի |
17 |
7 |
2 |
16. Դանիիլ Պոլյանսկի |
17 |
-21 |
3 |
17. Լևոն Վարդանյան |
17 |
1 |
- |
18. Ջուլիեն Բատիոնո |
13 |
2 |
3 |
19. Մամադու Դիալո |
12 |
1 |
1 |
20. Ուսման Աջիբոնա |
11 |
2 |
2 |
21. Արսեն Բեգլարյան |
11 |
-12 |
- |
22. Մալիկ Օդեյինկա |
10 |
1 |
1 |
23. Ալիուն Ջունիոր Դոսո |
3 |
- |
1 (1) |
24. Նորայր Նիկողոսյան |
2 |
- |
1 |
25. Անատոլի Այվազով |
2 |
-3 |
1 |
26. Արմեն Սարգսյան |
1 |
- |
- |