FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ուրարտուին»:
1. «Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածն ավարտեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում՝ անցկացրած 18 հանդիպումներում վաստակելով 38 միավոր (12 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 35-16), ինչը հնարավոր միավորների 70,3 տոկոսն է:
Ընդ որում հաղթանակներից մեկը տեխնիկական է: Սեպտեմբերի 18-ին Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվել էր «Վեստ Արմենիային»: Սակայն վերջինս խախտել էր լեգեոնականների սահմանված լիմիտը, որի պատճառով «Ուրարտուին» 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ էր շնորհվել:
Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» 4 միավոր ավելի է վաստակել: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության 18 հանդիպումներից հետո «Ուրարտուն» Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ 34 միավորով (10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 32-25) ընթանում էր 4-րդ տեղում:
2. «Ուրարտուն» բավական հաջող հանդես եկավ սեփական դաշտում՝ անցկացրած 10 հանդիպումներում տոնելով 8 հաղթանակ (մեկը՝ տեխնիկական), մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն, խփելով 20 գոլ, բաց թողնելով 7 գնդակ: Միայն «Շիրակին» հաջողվեց հյուրընկալվելիս հաղթել «Ուրարտուին» (2-1):
Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում «Ուրարտուի» օգտին 13 միավոր գրանցվեց (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 15-9):
Մրցակցի դաշտում «Ուրարտուն» պարտվել է ԲԿՄԱ-ին (1-2), «Նոային» (1-2) և «Վանին» (1-3):
3. «Ուրարտուն» առաջնությունում 2 անգամ 5-ական խաղ անընդմեջ անպարտելի մնաց՝ տանելով 4 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ ընթացքում թիմը 4 անընդմեջ հաղթանակ տոնեց:
Օգոստոսի 31-ին «Գանձասարի» դարպասը Կարեն Մելքոնյանի խփած առաջին գոլը Fastex Պրեմիեր լիգայում թիմի հոբելյանական՝ 1350-րդ գնդակն էր:
Մեկնարկային խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ, «Ուրարտուն» հաջորդ բոլոր 17 խաղերում էլ գրավել է մրցակիցների դարպասները: 8 խաղում էլ թիմի դարպասն անառիկ է մնացել:
«Ուրարտուն» խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեց («Ալաշկերտ»՝ 3-0, «Գանձասար»՝ 4-0)՝ չկրելով այդ կարգի ոչ մի պարտություն:
4. «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից իրացվել է 4-ը: «Ուրարտուի» օգտին նշանակված երկու հարվածներն էլ դիպուկ է իրացրել Իվան Իգնատևը՝ գրավելով արարատցի Տիագո Գոմեսի և «Վանի» դարպասապահ Դանիիլ Պոլյանսկու պաշտպանած դարպասները:
Ալեքսանդր Մելիխովի դարպասին նշանակված 11մ 3 հարվածներից երկուսը դիպուկ են իրացրել բանակային Դավիթ Հակոբյանն ու շիրակցի Ռազմիկ Հակոբյանը, իսկ «Նոայի» հարձակվող Մաթեուս Այասի հարվածը բարձր է ստացվել:
5. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 18 հանդիպումներում «Ուրարտուն» փաստացի 33 գոլ խփեց: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 13 ֆուտբոլիստներ, ինչպես նաև բանակային Մարկ Ավետիսյանը՝ գրավելով սեփական դարպասը: Ալեքսանդր Պուսկոն, Լուքման Գիլմորը, Անդրեյ Կրավչուկը, Էդգար Մովսեսյանը, Անտոն Կիլինը, Արտյոմ Պոլյարուսն ու Իվան Իգնատևը բացեցին գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում:
Իվան Իգնատևն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ՝ 13 գնդակով գլխավորելով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Ռուս հարձակվողի ցուցանիշը լավագույնն է թիմի պատմության մեջ վերջին 13 առաջնություններում: Վերջին անգամ ավելի բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել Բրունո Կորեան՝ 2011թ. առաջնությունում 16 գնդակով դառնալով թիմի լավագույն ռմբարկուն:
Իգնատևն ընդգրկվեց «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, որը 16-ական գնդակով գլխավորում են Բրունո Կորեան և Դու Բալան:
6. Կարեն Մելքոնյանը 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները, Fastex Պրեմիեր լիգայում խփած 20 գոլով ընդգրկվեց «Ուրարտուի» պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով 19-ական գնդակ խփած Արարատ Առաքելյանին, Արտակ Դաշյանին ու Աշոտ Ավետիսյանին:
62 գոլով «Ուրարտուի» պատմության լավագույն ռմբարկուն Արամ Հակոբյանն է:
7. Անտոն Կիլինն (33 տարեկան 363 օրական) ու Արտյոմ Պոլյարուսն (32 տարեկան 103 օրական) ընդգրկվեցին «Ուրարտուի» կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Ցանկից դուրս մնացին թիմի նախկին ֆուտբոլիստներ Նորայր Գրիգորյանն (32 տարեկան 66 օրական) ու Տիգրան Եսայանը (32 տարեկան 37 օրական):
8. «Ուրարտուի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: «Փյունիկի» հետ մեկնարկային խաղում (0-0) դարպասի պաշտպանությունը վստահվել էր թիմի կազմում նորամուտը նշած Հայկ Ղազարյանին, որը 17 տարեկան 321 օրական էր:
Առաջնության հաջորդ 17 հանդիպումներում թիմի դարպասը պաշտպանեց Ալեքսանդր Մելիխովը՝ բաց թողնելով 18 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,05 գոլ), 7 անգամ դարպասն անառիկ պահելով:
26-ամյա ռուս դարպասապահը 3 խաղ անընդմեջ, 285 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց:
9. Առաջնության աշնանային հատվածում «Ուրարտուի» կազմում ամենատարեցը 34-ամյա Օլեգ Պոլյակովն ու Անտոն Կիլինն են: 17-ամյա Դավիթ Հարությունյանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:
Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (209) «Ուրարտուի» ամենափորձառու ֆուտբոլիստը թիմի ավագ Ժիրայր Մարգարյանն է:
«Ուրարտուի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Fastex Պրեմիեր լիգայում թիմում բոլորից շատ խաղերի է մասնակցել Կարեն Մելքոնյանը՝ 159: Այդ ցուցանիշով նա «Ուրարտուի» ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում 5-րդ տեղում է: Ռեկորդակիրն Արամ Բարեղամյանն է (180 խաղ), որի ցուցանիշը հաջորդ մրցաշրջանում Մելքոնյանը կարող է գերազանցել:
Լեգեոնականներից թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Օլեգ Պոլյակովն է՝ 118:
10. Դմիտրի Գունկոն առաջնության աշնանային հատվածի 18 հանդիպումներում խաղադաշտ դուրս բերեց 24 ֆուտբոլիստների, որոնցից 11-ն այլազգի էին:
6 ֆուտբոլիստներ՝ Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Պուսկոն, Այուբ Աբու Օլամը, Անտոն Կիլինը, Արտյոմ Պոլյարուսն ու Իվան Իգնատևը նորամուտը նշեցին «Ուրարտուի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում:
Առաջնության հանդիպումներում «Ուրարտուի» ֆուտբոլիստները 34 անգամ զգուշացվել են, 4 անգամ հեռացվել են խաղադաշտից: «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը յուրօրինակ հակառեկորդ սահմանեց՝ 2 անգամ հեռացվելով խաղադաշտից: Նա 4 անգամ էլ զգուշացվել է:
Մեկական կարմիր քարտի են արժանացել Իվան Իգնատևն ու Սերգեյ Մկրտչյանը: Առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտի է արժանացել Լուքման Գիլմորը:
FastNews-ը ներկայացնում է «Ուրարտուի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Կարեն Մելքոնյան |
18 |
4 |
1 |
2. Ալեքսանդր Մելիխով |
17 |
-18 |
1 |
3. Էրիկ Սիմոնյան |
17 |
2 |
4 |
4. Արտյոմ Պոլյարուս |
17 |
2 |
1 |
5. Նարեկ Աղասարյան |
17 |
- |
2 |
6. Իվան Իգնատև |
16 |
13 |
-(1) |
7. Էդգար Մովսեսյան |
16 |
1 |
- |
8. Ժիրայր Մարգարյան |
16 |
1 |
4 (2) |
9. Ալեքսանդր Պուսկո |
16 |
1 |
2 |
10. Լուքման Գիլմոր |
15 |
2 |
6 |
11. Անտոն Կիլին |
15 |
1 |
1 |
12. Այուբ Աբու Օլամ |
15 |
- |
2 |
13. Էրիկ Փիլոյան |
13 |
1 |
4 |
14. Անդրեյ Կրավչուկ |
13 |
1 |
2 |
15. Օլեգ Պոլյակով |
11 |
1 |
1 |
16. Սերգեյ Մկրտչյան |
9 |
2 |
1 (1) |
17. Լեոն Սաբուա |
9 |
- |
- |
18. Իսաակ Բարրի |
6 |
- |
2 |
19. Խարիտոն Այվազյան |
4 |
- |
- |
20. Միքայել Միրզոյան |
4 |
- |
- |
21.Արման Ղազարյան |
4 |
- |
- |
22. Գևորգ Տարախչյան |
4 |
- |
- |
23. Դավիթ Հարությունյան |
2 |
- |
- |
24. Հայկ Ղազարյան |
1 |
- |
- |