Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն օրեր առաջ հատել էր 100 գոլի շեմն Իտալիայի առաջնությունում։
«Լեչեի» դեմ Ա սերիայի 26-րդ տուրի արտագնա խաղում (4-0) 26-ամյա ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ՝ խփելով 100-րդ և 101-րդ գոլերը։ «Ինտերի» մամուլի ծառայությունը հավաքագրել է հարձակվողի 100 գոլերը՝ մեկ տեսանյութում։
Մարտինեսը դարձել է «Ինտերի» պատմության մեջ երրորդ օտարերկրացի ֆուտբոլիստը, որը նման ցուցանիշ է գրանցում։ Միլանյան ակումբի ֆուտբոլիստներից նախկինում Ա սերիայում 100 և ավելի գոլ խփել էին միայն հունգարացի վինգեր Իշտվան Նյերշը (153) և արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին (121)։
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Լաուտարո Մարտինեսը 23 խաղում խփել է 22 գոլ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։


