Լեգենդար Կարիմ Աբդուլ-Ջաբարի պատմական ռեկորդը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այլևս անցյալում է։ «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը դարձավ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն։
38-ամյա ամերիկացի բասկետբոլիստը ռեկորդը սահմանեց «Օկլահոմա Սիթի Թանդերի» դեմ կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (130-133), որում վաստակեց 38 միավոր։ NBA-ում 20-րդ մրցաշրջանն անցկացնող Լեբրոն Ջեյմսը միավորների քանակը հասցրեց 38 390-ի։
Կարիմ Աբդուլ-Ջաբարի ռեկորդը 38 387 միավոր էր։ Այդ ռեկորդը պահպանվում էր 1984 թվականից։ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում են նաև Կարլ Մելոունը (36 928 միավոր), Քոբի Բրայանտը (33 643) և Մայքլ Ջորդանը (32 292):
NBA-ում Լեբրոն Ջեյմսը խաղացել է նաև «Քլիվլենդ Կավալիեսում» ու «Մայամի Հիթում»։ Նա կրկնակի օլիմպիական չեմպիոն է (2008, 2012), NBA-ի քառակի չեմպիոն (2012, 2013, 2016, 2020), ինչպես նաև 2004թ․ Օլիմպիական խաղերի ու ԱԱ-2006-ի բրոնզե մեդալակիր։


