Լեգենդար լեռնադահուկորդ Լինդսի Վոնը նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր։
41-ամյա մարզուհին ուղեգիրն ամրագրել է Ֆրանսիայի Վալ դ'Իզեր քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի հսկա ոլորավայրէջք մրցաձևում երրորդ տեղը զբաղեցնելու արդյունքում։
«Մեծ պատիվ է ներկայացնել երկիրս 5-րդ և վերջին Օլիմպիական խաղերում։ Երբ որոշեցի վերադառնալ մեծ սպորտ, հույս ունեի, որ կմասնակցեմ Կորտինայի խաղերին։ Չեմ կարող երաշխավորել որևէ արդյունք, բայց կարող եմ ասել, որ կգործադրեմ առավելագույն ջանքերը։
Անկախ արդյունքից, զգում եմ, որ արդեն հաղթել եմ։ Կհանդիպենք Կորտինայում»,- սոցցանցերում գրել է ամերիկուհին։
Լինդսի Վոնը 2010թ. Օլիմպիական խաղերի (Վանկուվեր) հաղթող է, աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի գավաթի քառակի հաղթող։ Նա 2024թ. նոյեմբերին՝ 5 տարվա դադարից հետո, վերսկսել է կարիերան։
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերը կկայանան Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում 2026թ. փետրվարի 6-22-ը։


