Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին սպառնացել է բոյկոտել 2024 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նախատեսված ամառային Օլիմպիական խաղերը, եթե մրցումներին մասնակցեն ռուս և բելառուս մարզիկները:
«Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները մասնակցեն 2024 թվականի Օլիմպիական խաղերին, ապա մենք պարզապես պետք է բոյկոտենք այն»,- Պավել Յաբլոնսկիի խոսքը մեջբերում է RMF FM-ը:
Հունվարի 25-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլատրել էր Ռուսաստանի և Բելառուս մարզիկներին չեզոք դրոշի ներքո մասնակցել միջազգային մրցաշարերի՝ հետևելով մի շարք պայմանների:
Մինչև այդ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն բոլոր երկրների մարզիկները:
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։


