Լուսանկարը` ArmGeo-ի
«Լեռնային կղզի» երկլեզու գիրքը միակն է իր տեսակում, որը պարունակում է Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի լեռների մասին ստույգ տեղեկություններ։ Ինչպես նշել է հեղինակ Տիգրան Վարագը, այն ծայրից ծայր կարդալու ու պահարանում դնելու գիրք չէ, այլ՝ պարբերաբար բացելու, թերթելու և տեղեկություն ստանալու:
Գրքում ամփոփված բոլոր լեռները ArmGeo-ի 10-ամյա գործունեության ընթացքում իրականացված վերելքների արդյունք են։ Գրքում նաև ներառված են տեղեկություններ և լուսանկարներ այնպիսի լեռների մասին, որոնց կարելի էր հանդիպել միայն պատմական աղբյուրներում։
Ինչպես նշել է հեղինակը, գիրքը նվիրված է Սամվել Կարապետյանի և Ստեփան Նալբանդյանի հիշատակին:

«Լեռնային կղզի» գրքի շապիկը բարձրորակ է և հաճելի նույնիսկ շոշափելու համար, և կրում է Արարատի ռելիեֆի պատկերը։ Գիրքը երկլեզու է՝ հայերեն, անգլերեն և բաղկացած է 300 էջից։ Գրքում տրվում են բոլոր լեռների մասին ճշգրիտ տեղեկություններ՝ նրանց կոորդինատների և դիրքի մասին, որոնք ուղեկցվում են լուսանկարներով և քարտեզներով։ Բոլոր լուսանկարները, որոնք տեղ են գտել գրքում, կատարվել են արշավների ընթացքում։
Գիրքը բաղկացած է երկու հիմնական մասից՝
- Հայկական լեռնաշխարհ
Առաջին մասում ներկայացված է Հայաստանը աշխարհի հնագույն քարտեզներում, Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը, պատմական աշխարհագրությունն ու մի շարք ուսումնասիրություններ։ Առանձին ենթաբաժիններով ամփոփված են նաև եզրային լեռնաշղթաների համակարգն ու միջնաշխարհը։
- Հայաստանի Հանրապետություն և Արցախ
Այս բաժնում ամփոփված են «Մերն է» նախագծի շրջանակում բարձրացած Հայաստանի բոլոր լեռնաշղթաների և դրանց բարձր գագաթների մասին տեղեկություններ։
Առանձին բաժիններով ներկայացված են Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաները՝ Վիրահայոց լեռներից մինչև Արևելյան Սևանի լեռներ, Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաները՝ Ողջաբերդի լեռներից մինչև Մռավի լեռներ, Հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները՝ Եղնախաղի լեռներից մինչև Սյունիքի բարձրավանդակ և, իհարկե, Արցախի լեռները։

«Լեռնային կղզի» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2022թ․ դեկտեմբերի 16-ին։


