«Բարսելոնայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացատրել է, թե ինչու է որոշել չխաղալ ազգային թիմի կազմում, քանի դեռ գլխավոր մարզիչը Միխալ Պրոբեժն է, հաղորդում է WP SportoweFakty-ն:
«Ես անսպասելի զանգ ստացա Միխալ Պրոբիժից: Նա ասաց, որ որոշել է ինձ զրկել ավագի թևկապից։ Ես ընդհանրապես պատրաստ չէի դրան, այդ պահին երեխաներին էի քնեցնում։ Զրույցը տևեց մի քանի րոպե։
Ես նույնիսկ ժամանակ չունեցա ընտանիքիս պատմելու կամ որևէ մեկի հետ խոսելու տեղի ունեցածի մասին, որովհետև մի քանի րոպե անց Լեհաստանի ֆուտբոլային միության կայքում հայտնվեց ավագի փոփոխության մասին լուրը։ Ինձ իսկապես զարմացրեց այն, թե ինչպես ինձ տեղեկացրին դրա մասին։ Նման հարցերը պետք է այլ կերպ լուծվեն, ոչ թե հեռախոսով: Մարզիչը խախտեց մեր պայմանավորվածությունը։
Ազգային հավաքականը միշտ էլ ամենակարևորն է եղել ինձ համար։ Շատ վիրավորված եմ տեղի ունեցածից։ Խոսքը նույնիսկ ավագի թևկապի որոշման մասին չէ, այլ նրա, թե ինչպես ինձ տեղեկացրին։
Դժվար է ասել, թե ինչն էր այս որոշման հետևում։ Տպավորություն է, թե մարզիչը կուլ գնաց լրատվամիջոցների ճնշմանը։ Նա խախտեց մեր պայմանավորվածությունները, և ես զարմացած եմ նրա վարքագծից։
Որոշումը, որ ես չեմ գալու մարզական հավաքին, կայացվել է մարզչի հետ։ Խոսել եմ նրա հետ և հարցրել, թե ինչ կարծիք ունի ինձ մի փոքր հանգիստ տալու մասին։ Նա ասաց, որ համաձայն է և մտածում էր նույնն առաջարկել։ Այդուհանդերձ, ես ուզում էի գալ մարզաբազա՝ Կամիլ Գրոսիցկիին անակնկալ մատուցելու համար։ Միայն մարզիչ Պրոբեժը գիտեր դրա մասին։ Բայց տեղեկությունն արտահոսեց մամուլ։
Ես ուզում եմ նստել ու հանգիստ մտածել այս ամենի մասին։ Այդ ժամանակ կկարողանամ ավելի շատ խոսել իմ մտքերի և անելիքների մասին։ Այսօր զգում եմ ափսոսանք ու զայրույթ։ Ազգային հավաքականը միշտ շատ կարևոր է եղել ինձ համար։ Այս առումով ոչինչ չի փոխվել»,- ասել է 37-ամյա ֆուտբոլիստը: