Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունում կայացան 5-րդ տուրի մրցախաղերը: Կրկին չհաջողվեց մրցաշարում առաջին հաղթանակը տանել Լևոն Արոնյանին, որը սևերով 43-րդ քայլին ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Դա մրցաշարում հայ գրոսմայստերի 4-րդ ոչ-ոքին էր:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը հաշտություն էր կնքել ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հանս Նիմանի և Լերնիեր Դոմինգեսի, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ ու պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային:
Սեպտեմբերի 7-ին շախմատիստները կհանգստանան, իսկ հաջորդ օրը կկայանան 6-րդ տուրի մրցախաղերը: Արոնյանը սպիտակներով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, որը միավորը կիսեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ:
Ոչ-ոքի խաղացին նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լերնիեր Դոմինգեսն ու Հանս Նիմանը, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն ու ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:
5 տուրից հետո Լևոն Արոնյանը 1,5 միավորով Շահրիյար Մամեդյարովի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 3 միավորով առաջատարն Ուեսլի Սոն է: Հանս Նիմանը, Յան Նեպոմնյաշչին, Ալիռեզա Ֆիրուջան, Լերնիեր Դոմինգեսն ու Ֆաբիանո Կարուանան վաստակել են 2,5-ական միավոր:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Մագնուս Կառլսենը հրաժարվել էր մրցաշարի հետագա մասնակցությունից, ուստի նրա անցկացրած պարտիաներում գրանցված արդյունքները չեղյալ են համարվել:


