Լևոն Արոնյանն ավարտել է ելույթը Գերմանիայում անցկացվող «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարում:
Կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային: Հաղթողը որոշվել է «Արմագեդոնում»՝ 7-րդ պարտիայում: 6 պարտիայից հետո հաշիվը հավասար է եղել:
Մյուս կիսաեզրափակիչում աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 1,5-0,5 հաշվով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին:
Հիշեցնենք, որ առաջին փուլում Լևոն Արոնյանը պայքարից դուրս էր թողել գերմանացի Վինսենթ Կայմերին։
Ֆիշերի շախմատը ստեղծել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը։ Կանոնները հիմնականում համընկնում են դասական շախմատի հետ, սակայն խաղաքարերի սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահականության սկզբունքով՝ որոշակի սահմանափակումներով։


