Լևոն Խոզյանն ու իր թիմը ֆրանսիական «The Voice»-ի եզրափակիչում են: Կիսաեզրափակիչում «Il Cello» խումբը կատարեց Ջոշ Գրոբանի «You Raise Me Up» երգը։ Ելույթի սկզբում Լևոնը կրկին դուդուկ նվագեց։ Նրանց թիմի ղեկավար Ֆլորեն Պանին հիացած էր տղաների կատարմամբ։ «Ես ունեմ 3 ֆանտաստիկ ձայն և 3 ֆանտաստիկ երգիչ։ Երեքն էլ հիանալի միաձուլվում են և շատ ներդաշնակ են։ Ասեմ ավելին՝ նրանք նաև շատ գեղեցիկ տղաներ են», - խոստովանեց Պանին:
«Il Cello» խումբը ձևավորել է Ֆլորեն Պանին։ Ֆրանսիացի արտիստ, ով «The Voice» վերադարձավ քաղցկեղի դեմ երկարատև բուժումից հետո։ Նա այս նախագծում հաղթել է 5 անգամ։ Խմբային փուլում Պանին նորարարություն արեց և անհատներից ձևավորեց խումբ, քանի որ չէր կողմնորոշվում՝ Լևոն, Սեբաստիան և Սալվադորե եռյակից ում թողնել, ում հեռացնել։ Նման բան «The Voice»-ում երբեք չէր եղել։
«Il Cello»-ի (իտալերեն՝ թավջութակ, - հեղ․) տղաները մի քանի շաբաթ միասին աշխատեցին և մասնակցեցին «Battles» փուլին։ Այստեղ Թեդուլի հետ կատարեցին «Queen»-ի «Who Wants to Live Forever» երգն ու անցան կիսաեզրափակիչ։
Լևոնը Մարսելից է։ Իրեն «փոփ-լիրիկական» երգիչ համարող Լևոնը կույր լսումներին բոլորին զարմացրեց՝ նվագելով հայկական ավանդական դուդուկ։ Ապա կատարեց «France Gall»-ի «Evidemment» երգը։
Սալվադորեն մասնագիտությամբ ռեստորատոր է։ 2024 թվականի գարնանը նա եղել է «Culturebox»-ով հեռարձակվող «Գտիր քո ձայնը» երաժշտական իրականության մասին առաջին վավերագրական ֆիլմաշարի 13 մասնակիցներից։ Կույր լսումներին Սալվադորեն բոլորին ապշեցրեց բրիտանական «Procol Harum» ռոք խմբի «Senza Luce» երգով։
Եռյակի երրորդ անդամը բելգիացի Սեբաստիանն է։ Նա ուսուցիչ է, աշխատում է դպրոցում։ Կույր լսումներին նա մարզիչներին հիացրեց՝ կատարելով «Les Misérables»-ի սաունդթրեքից «I Dreamed a Dream»-ը։ Սեբստիանը նման նախագծերի մեծ փորձ ունի։ 2014-ին մասնակցել է բելգիական «The Voice»-ին: 2 տարի առաջ էլ նա նաև հասել էր «À la recherche du nouveau Claude François» շոուին և հասել եզրափակիչ։