Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին օգոստոսի 5-ին ներկայացել է թիմի երկրպագուներին: Շնորհանդեսի ժամանակ հայտնի է դարձել նաև, որ 33-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» կխաղա «9» համարի մարզաշապիկով: Խաղային այդ համարով մինչև այս ելույթ էր ունենում հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, որը կարող է հեռանալ կատալոնական ակումբից:
Լևանդովսկին շնորհանդեսի ժամանակ խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ պայքարի մասին:
«Իհարկե, ես ցանկանում եմ «Էլ կլասիկոյում» խաղալ «Ռեալի» դեմ։ Ես գիտեմ, թե ինչպես խաղալ նրանց դեմ: «Ռեալը» լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, բայց մենք նրանց հաղթելու համար ենք այստեղ»,- լեհ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» հաղթել էր Իսպանիայի Սուպերգավաթում, Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում, իսկ «Բարսելոնան» 2-րդ տեղն էր զբաղեցրել ներքին առաջնությունում:


