Անգլիական «Լիվերպուլի» նախկին ավագ Ալան Հանսենը դուրս է գրվել հիվանդանոցից.
«Ալանը, Ջանեթը, Ադամը, Լյուսին և ամբողջ ընտանիքը ցանկանում են շնորհակալություն հայտնել` սիրո և աջակցության հրաշալի ուղերձների համար։ Դա շատ հիասքանչ էր և հսկայական օգնություն։
Մենք նաև բարձր ենք գնահատում մեր գաղտնիության նկատմամբ ցուցաբերվող շարունակական հարգանքը»,- նշված է Հանսենի ընտանիքի տարածած հայտարարության մեջ, որը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
69-ամյա Հանսենը բուժումը շարունակելու է տնային պայմաններում։ Հունիսի 9-ին հայտնի էր դարձել, որ շոտլանդացի ֆուտբոլիստը ծանր հիվանդության պատճառով հոսպիտալացվել է։
Ալան Հանսենը «Լիվերպուլում» հանդես է եկել 1977-1991 թթ. և 614 խաղում խփել է 14 գոլ, կատարել 19 արդյունավետ փեխանցում։ Նա ակումբի կազմում 8 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 3 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։


