«Լիվերպուլը» ներկայացրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին նորեկին: Անգլիայի փոխչեմպիոնի կազմը համալրել է հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն:
Նիդերլանդների հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստն անգլիական գրանդում կխաղա 18 համարի մարզաշապիկով: Կողմերը ստորագրել են 5,5 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» Գակպոյի տրանսֆերի համար վճարել է 42 միլիոն եվրո:
«Զգացողությունները շատ լավ են, ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Անհամբեր սպասում եմ, թե երբ կսկսեմ մարզվել ու խաղալ այս հրաշալի ակումբում։ Կարծում եմ, որ այս ակումբը հիանալի վայր է ցուցադրելու, թե ինչ կարող եմ անել, որպեսզի փորձեմ օգնել թիմին էլ ավելի հրաշալի պահեր ապրել։
Այստեղ ես կարող եմ զարգանալ, թիմում շատ են գերազանց խաղացողները, որոնցից շատ բան կարող եմ սովորել։ Ես շատ եմ ցանկանում խաղալ «Էնֆիլդում»: Շատ լավ պատմություններ եմ լսել մարզադաշտի, մթնոլորտի մասին:
Իհարկե, իմ նպատակն է հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել թիմի հետ, լավ խաղալ, աշխարհին ցույց տալ, թե ինչի է ընդունակ մեր թիմը և անձամբ ես ինչ կարող եմ անել»,- հոլանդացու խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:


