«Լիոնը» ֆինանսական խնդիրների պատճառով որակազրկվել է ու իջեցվել Լիգա 2, հայտնում է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան:
RMC Sport-ի հաղորդմամբ` որոշումը կայացվել է LFP-ի Ազգային վերահսկողության և կառավարման վարչության նիստից (DNCG) հետո, որի ընթացքում քննարկվել է ակումբի ֆինանսական վիճակը։ «Լիոնից» նիստին մասնակցել է ակումբի սեփականատեր Ջոն Տեկստորը։
Որոշումը կարող է բողոքարկվել։ «Լիոնն» արդեն հայտարարել է, որ «հաշվի է առնում կայացված անհասկանալի որոշումը և հաստատում, որ անմիջապես բողոք կներկայացնի»:
L’Équipe-ի տվյալներով` «Լիոնը» 505,1 մլն եվրո պարտք ունի։ Ակումբին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտն իրավիճակը կարգավորելու ժամանակ էր տրվել։ Տեկստորին զգուշացվել էր, որ պարտքը չմարելու դեպքում «Լիոնը» որակազրկվելու է։


