«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է «Բալթիկայի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան մրցավեճում մոսկովյան ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ստացած վնասվածքի մասին։
«Թիկնիզյանի փոխարինումը կապված էր ազդրի մկանային վնասվածքի հետ: Նաիրը ՄՌՏ հետազոտություն կանցնի: Վնասվածքի լրջության մասին հայտնի կդառնա այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն ցավ էր զգացել աջ ազդրի հատվածում և 58-րդ րոպեին հարկադրված փոխարինվել: Եթե Թիկնիզյանի ազդրի մկանային վնասվածքը հաստատվի, ապա նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները:
Հիշեցնենք, որ գավաթային խաղն ավարտվել էր 1-1 հաշվով, Թիկնիզյանը երրորդ րոպեին բացել էր հաշիվը: Դիմակայության առաջին մրցավեճում գրանցվել էր 2-2 հաշիվը: Հաղթողը որոշվել էր հետխաղյա 11-մետրանոցներով, «Բալթիկան» առավելության է հասել 7-6 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


