Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում հաղթանակով սկսեց պայքարը շախմատի Եվրոպայի Մ18 առաջնությունում: Առաջին տուրում հայ շախմատիստները 3,5-0,5 հաշվով հաղթեցին Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմին։
Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանն էլ ոչ-ոքի գրանցեց: Հավաքականի առաջատար Էմին Օհանյանն առաջին տուրում հանդես չեկավ:
Հայաստանի հավաքականը վարկանիշով երրորդն է Եվրոպայի Մ18 առաջնության մասնակիցների մեջ, զիջում է միայն Իսրայելի գլխավոր թիմին և Լեհաստանի հավաքականին:
Հայ շախմատիստները երկրորդ տուրում կհանդիպեն Սլովենիայի հավաքականին:
Ֆոտո՝ ՀՇՖ