Կնյազ Իբոյանը (92 կգ) նվաճել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։
Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 3-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռավան Մուսաևին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ է գտնվել թուրք Մուհամեդ Գիմրիից՝ 6-3։ Երեկոյան մրցահերթում Իբոյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իրանցի Մոհամադմոբին Ազիմիի հետ։
Այսօր բրոնզե մեդալի համար գոտամարտ կանցկացնի Էդիկ Հարությունյանը (57 կգ), որի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևը։
Օգոստոսի 15-ին պայքարի մեջ մտած Լևիկ Միքայելյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) պարտություն են կրել։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) պարտվել էին առաջին մրցումային օրն ու ավարտել ելույթները։


