Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) Հայաստանի թիմի հերթական մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտի 214 կգ (96+118) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։ Ավանեսյանը փոքր բրոնզե մեդալի արժանացավ նաև պոկում ու հրում վարժություններում։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, Մ23), Գառնիկ Չոլակյանը (61 կգ, Մ23), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20) և Գարիկ Կարապետյանը (102 կգ, Մ20) հռչակվել էին Եվրոպայի չեմպիոն: Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, մինչև 20 տարեկանների պայքարում Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։


