Logo

Մ23 ԱԱ․ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակիչում է, Հովհաննես Մաղաքյանը պարտվեց

Հեղինակ
FastNews
16:34 / 21.10.2022Ըմբշամարտ
Վազգեն Թևանյան-ԱԱ

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ մտած Հայաստանն 5 ներկայացուցիչներից միայն Վազգեն Թևանյանին (65 կգ) հաջողվեց նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։

Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն ու արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանը երրորդ գոտեմարտում 4-3 հաշվով ուժեղ գտնվեց ճապոնացի Ռիոմա Անրակուից։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ղազախ Ադլան Ասկարովի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Ուկրաինան ներկայացնող Էրիկ Առուշանյանը և թուրք Համզա Ալական։

Վազգեն Թևանյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել էր կանադացի Դանիել Թրոյ Քոլզին, իսկ 1/8 եզրափակիչում շանս էր տվել բրիտանացի Ռոս Քոնելիին՝ 10-0։

Եվրոպայի և աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում 4-5 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցիչ Ահմեդ Մասուդ Մոհամեդնեժադժավանիին:

Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) որակավորման փուլում 3-7 հաշվով պարտություն է կրել Ճապոնիայի ներկայացուցիչ Կոտա Տակահաշիից:

Արման Ավագյանը (79 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 5-7 հաշվով պարտվել է վրացի Վլադիմերի Գամկրելիձեին:

Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել էր կանադացի Կալում Ուլյամ Նոուզիին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ 0-10 հաշվով պարտվեց գերմանացի Էրտուգրուլ Ագկային։

Հայաստանի Մ23 թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կնյազ Իբոյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ), որոնք մրցագորգ դուրս կգան հոկտեմբերի 22-ին։ Հայաստանի Մ23 հավաքականը ներկայացուցիչ չունի միայն 125 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու նվաճել մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Գևորգ Թադևոսյանը (87 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) պարտվել էին մեկնարկային փուլերում ու դուրս մնացել պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ