Հայ ըմբիշները ևս երկու մեդալ նվաճեցին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:
Հովհաննես Հարությունյանը (87 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով հաղթեց մոլդովացի Գաբրիել Լուպասկոյին: Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 0-7 հաշվով պարտվել էր Դանիայի ներկայացուցիչ Թուրպալ Բիսուլթանովին, որը հասել էր եզրափակիչ՝ հնարավորություն տալով հայ ըմբիշին պայքարել բրոնզե մեդալի համար: Հայաստանի ներկայացուցիչը սփոփիչ գոտեմարտում պետք է մրցեր ռումինացի Պատրիկ Գորդանի հետ, որը վնասվածքի պատճառով հրաժարվել էր մասնակցել գոտեմարտին։
Ալբերտ Վարդանյանը (130 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6-1 հաշվով հաղթեց չեխ Մարսել Ալբինիին: Վարդանյանը քառորդ եզրափակիչում 9-0 հաշվով հաղթել էր լեհ Դոմինիկ Կրավչիկին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել էր վրացի Գեորգի Ցոպուրաշվիլիին՝ 0-6:
Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից պայքարը կշարունակեն Աշոտ Խաչատրյանը (67 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):
Խաչատրյանը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ 0-11 հաշվով պարտվել է վրացի Դիեգո Չխիկվաձեին, իսկ Խլոյանը որակավորման փուլում 2-3 հաշվով զիջել էր հունգարացի Ալեքս Գերգոյին, որը հասել է եզրափակիչ՝ հնարավորություն տալով հայ ըմբիշին անցկացնել սփոփիչ գոտեմարտ, որում կմրցի լեհ Յակուբ Կամիլի հետ:
Աշոտ Խաչատչյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, նրա մրցակիցը հայտնի կդառնա մարտի 15-ին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները չեն հասել եզրափակիչ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել Կարապետ Մանվելյանը (55 կգ):


