Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) եզրափակիչում 0-10 հաշվով պարտվեց ուկրաինացի Անդրի Ժելեպին և բավարարվեց արծաթե մեդալով:
Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Ադամ Բիբոուլատովի նկատմամբ, ինչից հետո քառորդ եզրափակիչում նույն հաշվով հաղթել էր ռումինացի Դանիել Ռիտերին, իսկ կիսաեզրափակիչում 6-5 հաշվով առավելության էր հասել իտալացի Սիմոնե Վիչեկնցո Պիրոդուի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հայկ Պապիկյանը (70 կգ) դարձել էր արծաթե, Էդիկ Հարությունյանն (57 կգ) ու Մարտին Սիմոնյանը՝ բրոնզե մեդալակիրներ (125 կգ) , Կնյազ Իբոյանն (86 կգ) դուրս է եկել եզրափակիչ, Մենուա Յարիբեկյանին (74 կգ) քառորդ եզրափակիչում հաղթած ռումինացի մրցակիցը հասել է եզրափակիչ, ու հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գորգիտչիանիի հետ, վրացի ըմբիշին մեկնարկում պարտված Սերգեյ Սարգսյանը (92 կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆարհադ Անոսեհին ու բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլջալիլ Շաբանովի հետ, Տիգրան Ղազարյանը պարտվել է քառորդ եզրափակիչում, իսկ Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) որակավորման փուլում զիջել է մոլդովացի Ռադու Լեֆրետին: