ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը դարձավ կայծակնային շախմատի աշխարհի 9-ակի չեմպիոն։
Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտված մրցաշարի եզրափակիչում նորվեգացի շախմատիստը 2,5-1,5 հաշվով հաղթեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։
Կառլսենը շվեյցարական ձևաչափից հետո` կայացած 19 պարտիայում, 13,5 միավոր էր վաստակել ու երրորդ տեղում էր։ Ադբուսատորովը 13 միավորով չորրորդն էր։
Այդ ձևաչափում 15 միավորով հաղթել էր հնդիկ Արջուն Էրիգայսին, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել էր ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (14)։
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Արամ Հակոբյանը` 12,5 միավորով զբաղեցնելով 17-րդ տեղը։
Մագնուս Կառլսենը կայծակնային շախմատի չեմպիոնությունների քանակով բացարձակ ռեկորդակիր է։ Նրա մոտակա հետապնդող Ալեքսանդր Գիրիշչուկը (Ռուսաստան) միայն 3 անգամ է դարձել չեմպիոն։
35-ամյա շախմատիստն օրեր առաջ էլ 6-րդ անգամ դարձավ արագ շախմատի աշխարհի չեմպիոն։
Այսպիսով՝ Կառլսենն աշխարհի 20-ակի չեմպիոն է։ Նա նաև 5 անգամ դասական շախմատում է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։


