Logo

Մահացել է կինոօպերատոր Արտո Խաչատուրյանը

17:48 / 03.09.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայաստանի կինոգործիչների միությունը հայտնում է, որ հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր ԱՐՏԱՎԱԶԴ (ԱՐՏՈ) ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ։

«Անհավատալի է, անիրական։

ԱՐՏՈՅԻ կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։

ԱՐՏՈՆ դեռ 62 տարեկան էր և շատ անելիքներ ուներ թե արվեստում, թե իր ընտանիքի ու մտերիմների համար։

Ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջ ընտանիքի անդամներին, մտերիմներին, հարազատներին, կինոհանրությանը, արվեստի մարդկանց»,- գրված է հաղորդագրության մեջ։

Արտո Խաչատուրյանը ծնվել է Գանձակում: Երկու տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Հայաստան: 

Մեջբերում ենք տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Արտո Խաչատուրյանի մտքերից.

«Երազում էի դառնալ կինոօպերատոր ու դարձա: Մասնագիտական կրթություն եմ ստացել և՛ Երևանում, և՛ Մոսկվայում: 1981 թվականից աշխատել եմ «Հայֆիլմում» մինչև նրա փլուզվելը: Ժամանակին հայ կինոն ձևավորվում էր «Հայֆիլմի» շուրջ, դա ընտանիք էր: Ես ապրել եմ այդ ընտանիքում: «Հայֆիլմը» վերացնելով՝ մենք հերթական անգամ վերացրինք մեր պատմությունը, այս դեպքում՝ հայ կինոյի պատմությունը: Հիմա էլ ամպագոռգոռ ելույթներ են հնչում ՝ մեզ պետք է «Հայֆիլմը»: Ինչի՞ համար է պետք…

Նույն կերպ այսօր քաղաքում շենքերն են ոչնչացնում: Ասում են՝ հին է: Հինը պահելու հազար ձև կա: Քանդողները չկայացած մարդիկ են: Նրանց կայանալու հնարավորություն է տրվել, եթե չեն կարող կառուցել լավը, ուրեմն ի՞նչ պիտի անեն, քանդեն եղած լավը, որպեսզի չերևա իրենց կառուցած վատը: Մինչև նրանք կայանան, մենք կկորցնենք մեր քաղաքը:

Փոքր տարիքում մեզ սովորեցնում էին, որ Երևանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այսօր ի՞նչ է մնացել այդ թանգարանից: Միջավայրն օտար է դառնում, երբ ջնջվում են այդ միջավայրը հարազատ դարձնող հիշողությունները: Այնպիսի տպավորություն է, որ այս քաղաքը ոչ ոք չի սիրում: Իսկ ընդհանրապես ժպիտն է պակասում մեր քաղաքում, և ոչ միայն քաղաքում»:

Fastnews-ը ցավակցում է Արտո Խաչատուրյանի ընտանիքին, մեր հարգելի գործընկերոջը՝ Արշակ Խաչատուրյանին՝ հայրիկի անժամանակ մահվան կապակցությամբ: 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ