UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի դեմ տիտղոսի պաշտպանության մենամարտի մասին, որը կկայանա հունվարի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ) UFC 311 մրցաշարում։
«Մեր մենամարտը վիթխարի հետաքրքիր կլինի երկրպագուների համար, քանի որ մրցակիցս բոլոր առումներով զարգացած է: Արմանը լավ է հարվածում, ըմբշամարտում:
Սիրում եմ ռևանշ մենամարտեր անցկացնել, քանի որ երբ երկրորդ անգամ մենամարտում եմ մեկի դեմ, գիտեմ այն ամենը, ինչ կարող է անել մրցակիցս, անակնկալների չեմ հանդիպում»,- դաղստանցի մարզիկի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը։
2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:
Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում: