UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է փրոմոուշենի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի չեմպիոնական շանսերի մասին:
«Իհարկե, Արմանն արժանի է տիտղոսային մենամարտի: Նա բոլորին հաղթել է թեթև դիվիզիոնում, բայց մեր մենամարտն անցնելու է նույն սցենարով, ինչպես առաջինը: Արմանը ոչ մի առվելություն չունի իմ նկատմամբ: Նա մի օր կդառնա UFC-ի չեմպիոն, բայց այն բանից հետո, երբ կավարտեմ կարիերաս»,- 32-ամյա ռուսաստանցի մարտիկի խոսքը մեջբերում է Weighing In-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո 27-ամյա Ծառուկյանը հնարավորություն է ստացել մենամարտել Մախաչևի դեմ։
Ծառուկյանը 2019 թվականին UFC-ում նորամուտը նշել է հենց Մախաչևի դեմ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն: