Logo

Մալխաս Ամոյանի տպավորիչ նորամուտն Օլիմպիական խաղերում

13:45 / 06.08.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) վստահ հաղթանակ տարավ Օլիմպիական խաղերում իր առաջին գոտեմարտում։

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում 2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Ամոյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից և շանս չտվեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենին՝ 8-0։ Գոտեմարտն ավարտվեց առաջին մրցափուլում՝ 1 րոպե 41 վայրկյանում:

Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իրանցի Ամին Կավիյանինեժադի հետ, որը պայքարից դուրս է թողել կուբացի Պենա Ֆլորեսին (1-1)։

77 կգ քաշային կարգում հաղթական մեկնարկ է գրանցել նաև Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանը, որը 9-0 հաշվով ուժեղ է գտնվել իրանցի Խալեդ Աբդելռահմանից։

Բուլղարիայի ներկայացուցիչ Հայկ Մնացականյանն էլ 1/8 եզրափակիչում կգոտեմարտի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ։

Օգոստոսի 6-ին հաղթանակով էր մեկնարկել նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը 1/8 եզրափակիչում ժամկետից շուտ 9-0 հաշվով հաղթել էր 30-ամյա հարավկորեացի Սինջուն Կիմին։

32-ամյա Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում կգոտեմարտի ուզբեկ Ռուստամ Ասակալովի հետ, որը մեկնարկել է 5-3 հաշվով հաղթել է հոնդուրասցի Կևին Կաստիլյոյին։

Այս քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին։ Նույն օրը ելույթը կսկսի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ):

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ