«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ տարվա ընթացքում ստացած եկամուտների ծավալով շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Պատմական այդ իրադարձության մասին հայտնել է Financial Times պարբերականը՝ հղում կատարելով KPMG աուդիտորական և խորհրդատվական ընկերության փորձագետների հաշվետվությանը:
Մասնագետների տվյալներով՝ անգլիական Պրեմիեր լիգայում հաղթելու և Չեմպիոնների լիգայի եզրափակիչին մասնակցելու շնորհիվ «քաղաքաբնակները» 2020/21թթ. մրցաշրջանում գործառնական եկամուտը հասցրել են 644 միլիոն եվրոյի, ինչը 17%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նախկինում եկամուտների ծավալով ԱՊԼ-ի ամենահարուստ ակումբը համարվող «Մանչեսթեր Յունայթեդն» անցած ֆինանսական տարում վաստակել է 557 միլիոն եվրո։