Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի 28-ամյա պաշտպան Էմերիկ Լապորտը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի սկիզբը։
«Լապորտը վնասվածք ունի։ Ամռանը նրա ծունկը վիրահատել են։ Նախորդի մրցաշրջանի վերջին 2 կամ 3 խաղում նա լուրջ վնասվածքով էր խաղում՝ գործադրելով ահռելի ջանքեր։
Հիմա ամեն բան կարգին է, բայց պետք է զգուշավորություն ցուցաբերել։ Կարծում եմ՝ Լապորտը բաց կթողնի ամբողջ օգոստոսը, իսկ սեպտեմբերին արդեն կմիանա մեզ»,- «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքն է մեջբերում GOAL-ը։
Հուլիսի 30-ին «Քաղաքայինները» Անգլիայի Սուպերգավաթի խաղում կմրցեն «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի 5-ին՝ լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» ու «Արսենալի» խաղով։


