Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ու հաղթեց 6-3 հաշվով:
Առաջին խաղակեսում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը խփեց 4 անպատասխան գոլ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։ 2-ական գոլ խփեցին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, որոնք ընդմիջումից հետո դարձան նաև հեթ-տրիկի հեղինակներ: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը, 1 գոլ էլ խփեց բրազիլացի վինգեր Անտոնին:
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պահեստայինների թվում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում խփեց 17-րդ գոլը: Այս ցուցանիշին հասնելու համար նորվեգացուց պահանջվեց 11 հանդիպում: 22 տարեկանում նրա հաշվին արդեն գրանցվել է 173 գոլ: Այդ տարիքում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խփել էր 44 գոլ, իսկ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 50:
Էրլինգ Հոլանդը դարձավ նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության միակ ֆուտբոլիստը, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում 3 անընդմեջ տնային խաղում: Նա առաջնությունում խփած հեթ-տրիկների քանակով հավասարվեց Կրիշտիանու Ռոնալդուին՝ 3:
Պորտուգալացի հարձակվողն այս ցուցանիշը գրանցելու համար անցկացրել էր 232 հանդիպում, իսկ Էրլինգ Հոլանդից պահանջվեց ընդամենը 8 խաղ:
«Մանչեսթեր Սիթին» 20 միավորով երկրորդ տեղում է և մեկ միավոր է հետ առաջատար «Արսենալից»: «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով 6-րդն է:
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 6-3 (տեսանյութ)
Ֆիլ Ֆոդեն, 9, 44, 73, Էրլինգ Հոլանդ, 34, 37, 64 - Անտոնի, 56, Անտոնի Մարսիալ, 84, 90+1 (11-մ)


