Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի չեմպիոնության համար պայքարող «Լիվերպուլին»։ VNews-ը ներկայացնում է հանգստյան օրերի գլխավոր հանդիպումներից մեկի անոնսը։
Անգլիական ֆուտբոլի պատմական դիմակայության գարնանային հատվածի առաջին մասը նույնպես բեմադրվեց «Երազանքների թատրոնում»:
«Մանչեսթեր Յունայթեդը» միջազգային դադարի գնաց բարձր տրամադրությամբ, քանի որ «Լիվերպուլի» նկատմամբ 4-3 հաշվով թրիլերային հաղթանակը հույս և վստահություն ներշնչեց Մանչեսթերի կարմիր հատվածին: Սակայն հետագայում պարզվեց, որ այդ վստահությունը չար կատակ խաղաց մանկունյացիների հետ:
Էրիկ տեն Հագի կոլեկտիվը նախորդ տուրում չկարողացավ սանձել «Բրենթֆորդին»: Հասկանալի է, որ «Կարմիր սատանաների» մտքում «ոխերիմ» մրցակիցն էր, բայց թիկունքում ատամները սրած սպասում են «Վեսթ Հեմը», «Նյուքասլը» և «Բրայթոնը»:
«Յունայթեդն» անկայուն խաղով լավագույն քառյակում դժվար թե հայտնվի, բայց 5-րդ տեղի համար ի զորու է պայքարել: Իսկ 5-րդ տեղը հնարավոր է Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևի: Սրանք հաշվարկներ են, իրականում ամեն ինչ որոշվում է խաղադաշտում:
«Լիվերպուլի» մոտիվացիան ավելի մեծ է: Յուրգեն Կլոպը նախորդ տուրում մեծ նվեր ստացավ հիմնական երկու մրցակիցների կողմից:
«Բրայթոնի» հետ մրցավեճում մերսիսայդցիները հաղթեցին բարձր կարգի հաշվին, սակայն բազմաթիվ պահեր չօգտագործեցին: Ռոբերտո Դե Ձերբիի թիմը չկարողացավ լուրջ պայքար առաջարկել կարմիրներին, իսկ «Յունայթեդը» նման բաներ չի ների:
«Լիվերպուլի» կազմում շարունակում է փայլել Քոնոր Բրեդլին: Հյուսիսիռլանդացին հավաքականում առաջին գոլը խփելուց հետո ավելի վստահ տեսք է ստացել: «Բրայթոնի» հետ խաղում 20-ամյա եզրայինը հաճախ էր միանում գրոհներին, բայց թիկունքում անհրաժեշտ ապահովագրություն չկար, այդ պատճառով էլ մրցակիցը հաճախ էր պոկվում հակագրոհների: Հանդիպման ընթացքում Կլոպն ուղղեց այդ խնդիրը և ենթադրում եմ, որ նույնը չի կրկնվի առաջիկա խաղում:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» ընդամենը 3 անգամ է պարտվել «Լիվերպուլին»։ Սա նշանակում է, որ անկախ մարզավիճակից, Անգլիայի 20-ակի չեմպիոնը տանը լուրջ ճակատամարտ է տալիս «հին բարեկամին», բավական է հիշել նախորդ մրցաշրջանի տնային հաղթանակը, բայց այս համատեքստում պետք չէ մոռանալ նաև պատմական ֆիասկոն, որտեղ Տեն Հագը պատժվեց ամպագոռգոռ հայտարարության համար:
«Երազանքների թատրոնը» պատրաստ է ևս մեկ բալլադ բեմադրել:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը Fast Sports-ի ուղիղ եթերում կլինի ապրիլի 7-ին՝ Երևանի ժամանակով 18:30-ին:


