Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 4 ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով բաց կթողնեն մրցաշրջանի առաջին հատվածը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, բրազիլացի Անտոնին, դանիացի Ռասմուս Հոյլունդը և ֆրանսիացի Լենի Յորոն չեն կարողանա օգնել «Մանկունյանցիներին» մրցաշրջանի սկզբում: Թիմի նորեկ Լենի Յորոն, ըստ նախնական տվյալների, բաց կթողնի 3 ամիս, իսկ Ռասմուս Հոյլունդը՝ շուրջ 6 շաբաթ: Ակումբում մտավախություն ունեն, որ 18-ամյա ֆրանսիացի պաշտպանը կարող է լուրջ կոտրվածք ունենալ, ինչի պատճառով երկար ժամանակով դուրս կմնա շարքից։
«Մանչեսթեր Յունայթեդը» մինչև մրցաշրջանի մեկնարկը վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 4-ին և կհանդիպի «Լիվերպուլին»:
Հիշեցնենք, որ Լենի Յորոն «Մանչեսթեր Յունայթեդին» միացել էր ֆրանսիական «Լիլից» հուլիսի 18-ին, իսկ տրասնֆերային արժեքը կազմել է 62 միլիոն եվրո։


