Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության 9-րդ տուրում ընդհատվեց միանձնյա առաջատար Մանուել Պետրոսյանի 5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը:
Մանուելը հաշտություն կնքեց Տիգրան Հարությունյանի հետ: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Մանուել Պետրոսյանը 7 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան մեկական միավոր են զիջում Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Շանթը հաշտություն կնքեց Հովհաննես Գաբուզյանի հետ, իսկ Սամվելի հաշվին հաղթանակ գրանցվեց Զավեն Անդրիասյանի հետ չկայացած մրցախաղում: Հիշեցնենք, որ Անդրիասյանը վարակվել է կորոնավիրուսով և դադարեցրել է ելույթներն առաջնությունում:
5,5 միավորով առաջատար եռյակին հետապնդող Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Դավիթ Շահինյանին: Տուրը հաղթական էր նաև Արման Փաշիկյանի համար, որը խաղում էր Տիգրան Պետրոսյանի հետ: Արման Միքայելյանն էլ պարտության մատնեց Մամիկոն Ղարիբյանին: