«Մաքլարենի» մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բելգիայի Գրան պրին։
Սպա Ֆրանկորշամի մրցուղում երկրորդը եզրագիծը հատել է Պիաստրիի թիմակից Լանդո Նորիսը։ «Մաքլարենը» երրորդ անընդմեջ Գրան պրիում դուբլ է գրանցել։
2025 թվականի մրցաշրջանում բրիտանական թիմի պիլոտներն արդեն 7-րդ անգամ են զբաղեցնում առաջին երկու տեղերը։
Երրորդ տեղը զբաղեցրել է «Սկուդերիա Ֆերարիից» Շառլ Լեկլերը, իսկ նախորդ չորս տարիների չեմպիոն, «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը չորրորդն էր։
Պիաստրին 266 միավորով ընդհանուր հաշվարկի առաջատարն է: Նրան հաջորդում են Նորիսը (250) և Ֆերստապենը (185)։
Կոնստրուկտորների գավաթի պայքարում «Մաքլարենը» 516 միավորով բացահայտ առաջատարն է։ «Սկուդերիա Ֆերարին» երկրորդն է և ունի 248 միավոր, իսկ «Մերսեդեսը» 220 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Հաջորդ Գրան պրին կկայանա օգոստոսի 3-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Ֆորմուլա 1-ի որակավորման փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


