«Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ավստրիայի Գրան պրին։
Շպիլբերգի մրցուղում եզրագիծը երկրորդը հատել է Նորիսի թիմակից Օսկար Պիաստրին, իսկ եռյակը եզրափակել է «Սկուդերիա Ֆերարիից» Շառլ Լեկլերը։
Նախորդ չորս տարիների անփոփոխ չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») «Մերսեդեսի» պիլոտ Անդրեա Կիմի Անտոնելիի հետ բախման պատճառով պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում։
«Մաքլարենը» 2025 թվականին արդեն չորրորդ դուբլն է գրանցում։ Չինաստանի, Մայամիի և Իսպանիայի Գրան պրիներում նույնպես բրիտանական թիմի ավտոարշավորդները զբաղեցրել էին առաջին երկու հորիզոնականները։
Ընդհանուր հաշվարկը 216 միավորով շարունակում է գլխավորել Պիաստրին։ Նորիսը նրանից հետ է 15 միավորով` 201։ Ֆերստապենը երրորդն է և ունի 155 միավոր։
Կոնստրուկտորների գավաթում 417 միավորով բացահայտ առաջատարը «Մաքլարենն» է։ «Ֆերարին» հավաքել է 210, «Մերսեդեսը»` 209 միավոր։
Հաջորդ Գրան պրին կկայանա հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայում՝ Սիլվերսթոունի մրցուղում։
Ֆորմուլա 1-ի որակավորման փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։