Աշխարհի եռակի չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Ֆորմուլա 1-ի Ավստրիայի Գրան պրիի սպրինտը։
Ֆերստապենին հաջորդել են բրիտանական «Մաքլարենի» ներկայացուցիչներ Օսկար Պիաստրին և Լանդո Նորիսը։
26-ամյա Ֆերստապենն այդ հաղթանակից հետո միավորների քանակը հասցրել է 227-ի և շարունակում է գլխավորել ընդհանուր հաշվարկը։ Բրիտանացի Նորիսը 156 միավորով երկրորդն է, իսկ եռյակը 150 միավորով եզրափակում է իտալական «Սկուդերիա Ֆերարիի» մոնեգասկ մրցարշավորդ Շարլ Լեկլերը։
Կոնստրուկտորների գավաթի պայքարում առաջատարը «Ռեդ Բուլն» է, որն ունի 339 միավոր։ «Ֆերարին» 276 միավորոգ երկրորդն է, «Մաքլարենը» 250 միավորով` երրորդը։
Ավստրիայի Գրան պրիի որակավորման փուլը տեղի կունենա հունիսի 29-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Գլխավոր մրցարշավն էլ կկայանա հունիսի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Բոլոր մրցարշավները կլինեն Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում: