Logo

Մաքուր սպորտ. 3 պատճառ, թե ինչու էր Հայաստանի հավաքականի որակազրկումը անխուսափելի, և ովքե՞ր են մեղավորները

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 01.10.2017ՍՊՈՐՏ
Բացառիկ
OlympicsDay7Weightlifting87SbuW4lf5Px - Մաքուր սպորտ. 3 պատճառ, թե ինչու էր Հայաստանի հավաքականի որակազրկումը անխուսափելի, և ովքե՞ր են մեղավորները

Նախօրեին ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Թուրքիայի, Մոլդովիայի և Ուկրաինայի հավաքականները հեռացվել են մեծ սպորտից մեկ տարով: Հայտնի չէ, թե երբվանից է այդ որակազրկումը մտնելու ուժի մեջ, սակայն մի բան հստակ է այդ բոլոր թիմերը բաց կթողնեն տարվա գլխավոր ստուգատեսը՝ աշխարհի առաջնությունը, ինչո՞ւ, նորից այդ դրական դոպինգ թեստերը, ընդ որում, խոսքը չի գնում նոր խախտումների մասին, այլ Պեկինի և Լոնդոնի Օլիմպիական խաղերի վերստուգումների, սակայն այստեղ հաշվի են առնվում անցյալի մեղքերը և նշանակություն չունի, որ դրանց համար պատասխան է տալիս նոր սերունդը:

Երևի ձեզ մոտ հիմա ծագեցին մի շարք տրամաբանական հարցեր.Ինչո՞ւ պետք է պատժել այդ հավաքականներին հիմա, երբ այդ թեստերի արդյունքների մասին հայտնի է դարձել մի քանի տարի առաջ, ի՞նչ կարիք կա որակազրկելու մի ամբողջ թիմի, եթե ֆեդերացիան վճարել է խախտման համար նախատեսված տուգանքը, խթանիչներ օգտագործած ծանրորդները, մեր դեպքում Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ 2008թ. օլիմպիական խաղերի, իսկ Խուրշուդյանը նաև 2012թ.) և Նորայր Վարդանյանը (2012թ.), արդեն պատժվել են և անժամկետ որակազրկման պատճառով պատրաստ են լքել մեծ սպորտը, ինչո՞ւմն է նոր սերնդի մեղքը, ինչո՞ւ հենց հիմա։  Vivaronews.am-ը փորձել է գտնել այդ հարցերի պատասխանները:

  1. ԱՄՆի հավաքականը ոսկե մեդալ չի հաղթել աշխարհի առաջնությունում 1997 թվականից ի վեր

Դժվար չէ նկատել, որ որակազրկված հավաքականների թվում բացառապես ծանրամարտի գերտերություններն են: Հավաքականներ, որոնք միշտ բոլոր խոշոր մրցաշարերից մեդալների մեծ ճամպրուկով են վերադարձել: Այսպիսով, այդ հավաքականների ծանրորդների որակազրկումը առաջնությունը կդարձնի ոչ դիտարժան և այն կհիշեցնի ինչ-որ լեգենդար ծանրորդին նվիրված հուշամրցաշար, ոչ թե ուժեղագույնների պայքար: Դեպքերի նման դասավորվածությունը կարող է ուրախացնել միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականին՝ ԱԱ-ն հյուրընկալող երկրին: Սա նրանց համար իդեալական հնարավորություն է օգտվել բերքատու այգու բարիքներից, երբ լավագույնները «ճաղերի ետևում են»:  Ամերիկացիները  տղամարդականց պայքարում ոսկե մեդալ չեն նվաճել շուրջ 20 տարի, համաձայնեք ավելի լավ շանս չի լինի:

  1. Սխալների ուղղում. դոպինգ օգտագործած ծանրորդները հերոսներ չեն

Օրինաչափ է դարձել ծանրամարտում դոպինգ օգտագործված ծանրորդների մեծ քանակը: Իսկ գայթակղությանը երևի շատ դժվար է դիմակեյել՝ տեսնելով մրցակցիդ, ով արգելված խթանիչների շնորհիվ կանգնում է մեկ աստիճան բարձր. «Եթե դիմացինս օգտագործում է, հետո հաղթում է, ինչո՞ւ ես չեմ կարող նույնը անել, չէ՞ որ բոլորն են այդպես անում»։ Այս մտքերը շատ մարզիկների են այցելել:  Այս մտածողությունը արմատավորվեց 2000-ականներին, երբ այդքան խիստ չէր դոպինգ վերահսկողությունը և դրանում իր մեղքի բաժինը այն միջազգային ֆեդերացիան, որը հիմա զրկում է երիտասարդ ծանրորդներին իրենց լավագույնը մարզավիճակը ցուցադրելու հնարավորությունից: Հասկանալի է, որ մարզաձևը ավելի դիտարժան է դառնում և ամրապնդում իր տեղը Օլիմպիական մարզաձևերի շարքերում հենց գերազանցվող ռեկորդների և բարձրացրած խոշոր կիլոգրամների շնորհիվ, բայց ավելի հետևողական քաղաքականության դեպքում մարզաձևը այսօր չէր կանգնի նման խնդիրների առաջ, երբ դանակը արդեն հասել է ոսկորին: Այնպես չէ, որ պատժամիջոցներ ընդհանրապես չէին կիրառվում, սակայն դրանք չէին տարածվում հավաքականների վրա, միայն մարզիկն էր որակազրկվում, իսկ տեղի ֆեդերացիան վատագույն դեպքում տույժ էր վճարում: Դրա հետևանքով մեր օրերում  դոպինգ օգտագործած ծանրորդները որոշների աչքերում շարունակում են մնալ հերոսներ.

Օրինակ վերցնենք Ղազախստանը, տեսեք, թե ինչքան հայտնի է Իլյա Իլին, և կհասկանաք, որ Ղազասխստանում ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է դոպինգը: Եթե մենք ցանկանում ենք հասնել մաքուր սպորտի, ապա այլընտրանք չունենք,-«Insidethegames»-ի հետ հարզացրույցում հայտարարել է «Մաքուր սպորտ» կոմիտեի անդամ և Գերմանիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Քրիստիան Բաումգարտները:

  1. ՄՕԿ-ի ուլտիմատումը

Հայտնի ճշմարտություն է, երբ նավը խորտակվում է, պետք է անհապաղ մի կողմ նետել ծանր և անպետք իրերը, գրեթե նույն կերպ է վարվում նաև ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Նրանք պատրաստ են զոհաբերել ամեն ինչը և ցանկացածին, հակառակը դեպքում բոլորը կհայտնվեն ծովի հատակին: Երբ վերստուգումների արդյունքում հայտնի դարձավ, որ 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերին 49 մարզիկի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Տոմաս Բախը վերջնագիր ներկայացրեց ծանրամարտի ֆեդերացիային. կամ նրանք երաշխավորում են, որ նման բան այլևս չի պատահի կամ ծանրամարտը դադարում է օլիմպիական մարզաձև լինելուց: Այդ նպատակով ստեղծվեց «Մաքուր սպորտի» կոմիտեն, որը քննեց Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերին առնվազն 3 դրական դոպինգ թեստ գրանցած հավաքականների գործերը առանձին-առանձին ու նրանց որակազրկելու որոշում կայացրեց:  Բացի որակազրկումից, հավաքականները պետք է վճարեն նաև տուգանք:  50 հազար դոլարի չափ տուգանք կվճարեն այն հավաքականները, որոնք 3 խթանիչներ օգտագործած ծանրորդներ են ունեցել, իսկ 9-ից ավելի դրական դոպինգ թեստերի համար տեղական ֆեդերացիաները, օրինակ Ռուսաստանը և Ղազախստանը, կվճարեն մինչև կես միլիոն ԱՄՆ դոլար: «Մաքուր սպորտի» կոմիտեն իր կատարած աշխատանքի մասին դեկտեմբերին զեկույց կներկայացնի ՄՕԿ-ին, որտեղ էլ կորոշվի մարզաձևի ապագան:

Լիանա Մկրտչյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ