Քիքբռնցքամարտիկ Մարատ Գրիգորյանը խոսել է թաիլանդցի Սուպերբոն Բանչամեկի դեմ ONE Championship-ի կիսաթեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար մենամարտի մասին:
«Կյանքը ռիսկ է: Այս տարի ես շատ եմ ռիսկի դիմելու։ Ինձ շատ է պետք այս հաղթանակը, ցանկանում եմ չեմպիոն դառնալ։ Միակ բանը, ինչի մասին մտածում եմ՝ Բանչամեկին հաղթելն է։ Իմ նպատակն է դառնալ աշխարհի չեմպիոն: Սա միակ նպատակն է, որն իմ մտքում է: Ամեն ինչ կանեմ, որ հասնեմ իմ նպատակին:
Մեր միջև առաջին մենամարտը շատ կարճ էր, քանի որ այն տևեց ընդամենը 29 վայրկյան։ Երկրորդ մենամարտը բաղկացած էր 5 ռաունդից։ Ես տեսա այն ամենը, ինչ նա արեց: Բայց այդ երեկո ես շատ, շատ դանդաղ էի, իսկ նա շատ ավելի արագ, և դա վճռեց մենամարտի ելքը: Յուրաքանչյուր մենամարտ առանձին պատմություն է, հատկապես, երբ ռևանշ է»,- 32-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է ONE Championship-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Բելառուսի ներկայացուցիչ Չինգիզ Ալազովը պատրաստվում է խզել պայմանագիրը ONE Championship-ի հետ: Եթե դա տեղի ունենա, Գրիգորյան - Բանչամեկ մենամարտի հաղթողը կդառնա կիսաթեթև քաշային կարգի լիարժեք չեմպիոն:
Հիշեցնենք, որ Գրիգորյանն ու Բանչամեկը ռինգում հանդիպել են երկու անգամ, 2018 թվականին հայ մարզիկը հաղթել է նոկաուտով, իսկ չորս տարի անց մրցավարների միաձայն որոշմամբ ուժեղ է գտնվել թաիլանդցին:
Գրիգորյանի (67-13-1) և Բանչամեկի (114-36) տիտղոսային մենամարտը տեղի կունենա ապրիլի 5-ին:


