Logo

Մարիա Գևորգյանը՝ Եվրոպայի առաջնությունը բաց թողնելու պատճառների մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:15 / 10.02.2023Շախմատ
Բացառիկ
null

Արաբական Միացյալ Էմիրություններում մարզչական գործունեություն ծավալած շախմատի կանանց Հայաստանի այս տարվա չեմպիոն Մարիա Գևորգյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը չմասնակցելու պատճառները։

«ԱՄԷ-ում աշխատանքս ենթադրում է որոշակի պայմանագրային պարտավորություններ, որոնք չեն նախատեսում տևական բացակայություն։ Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում մրցաշարի են մասնակցելու նաև աշակերտուհիներս, որոնց կողքին պետք է լինեմ։ Հունվարին կարողացա Հայաստանի առաջնությանը մասնակցելու թույլտվություն ստանալ, սակայն այստեղ տեղին չեն համարում կարճ ժամանակ անց երկրորդ տևական բացակայությունս։ Այդ պատճառով ստիպված եմ բաց թողնել կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, սակայն աշնանը նախատեսված թիմային Եվրոպայի առաջնությանն անպայման կմասնակցեմ։ Պարզապես, այս անգամ արձակուրդ ձևակերպել չհաջողվեց»,- Աբու Դաբիից հայտնեց Մարիա Գևորգյանը։

Շախմատիստուհին հուսով է, որ կկարողանա մասնակցել ԱՄԷ-ում պարբերաբար անցկացվող բավականին ուժեղ կազմով բաց մրցաշարերին։

«Լինում են նաև արագ շախմատի և բլիցի մրցումներ, որոնք բաց չեմ թողնում։ Մի խոսքով՝ մրցփորձի պակաս, կարծում եմ, չեմ ունենա»,- վստահեցրեց մարզուհին։

Մարիա Գևորգյանը նշեց, որ անգամ Աբու Դաբիի շախմատային ակումբի իր աշակերտուհիներն են սրտնեղել՝ տեղեկանալով, որ իրենց մարզիչը չի մասնակցելու նման կարևոր մրցաշարի։

«Նոր եմ սկսել աշխատել և առայժմ շատ ուժեղ սաներ չունեմ։ Աշակերտուհիներս անչափ լավն են, աստիճանաբար աշխատասեր են դառնում։ Սկսել են ավելի շատ սիրել շախմատը։ Սրտնեղած են, որ ակումբի ղեկավարությունն ինձ չթույլատրեց մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Նրանք նույնիսկ բարեխոսում էին ինձ համար։ Շատ են տխրել, որ իրենց ջանքերն ապարդյուն էին։ Ամեն անգամ անհամբերությամբ սպասում են, որ մրցաշարերի մասնակցեմ։ Նույնիսկ Հայաստանի առաջնությանն էին հետևում»,- պատմեց 28-ամյա գրոսմայստերը։

Հիշեցնենք, որ հունվարին Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ նվաճել էր շախմատի կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ կրկնելով 2016, 2017, 2019, 2020 թվականների հաջողությունը։

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը կկայանա մարտի 18-29-ին Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Կանանց Եվրոպայի առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 տուր: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է, որը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 20 շախմատիստուհիների միջև: Եվրոպայի չեմպիոնուհին կպարգևատրվի 10 հազար եվրոյով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 8 և 7 հազարական եվրո:

Մարիա Գևորգյան. «Կարծում եմ՝ այս տարի շատ լավ հավաքական ենք ունենալու»

ԵԱ. Գաբրիել Սարգսյանի վարկանիշն ամենաբարձրն է մրցաշարի մասնակիցների մեջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ