Logo

Մարիամ Կարապետյան․ Ինձ անվանում են եգիպտական բեմի հայ «Կլեոպատրա»

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
16:29 / 14.06.2023Հարցազրույցներ
Բացառիկ
Մարիամ Կարապետյան-բալետի պարուհի

VNews Culture-ի զրուցակիցն է Եգիպտոսի պետական բալետի առաջատար մենակատար Մարիամ Կարապետյանը:

Նրա հետ զրուցել ենք տեսակապի միջոցով.

Դուք ծնվել եք Գյումրիում, հետո տեղափոխվել եք Ռուսաստան:

-Մեկ տարեկան էի, երբ ընտանիքս որոշեց, որ տեղափոխվում ենք Ռուսաստան՝ Սոչի: Այդ ժամանակ երկրում ճգնաժամ էր, Գյումրին երկրաշարժից հետո սարսափելի վիճակում էր: Մի քանի տարի անց վերադարձանք մորս պահանջով, քանի որ նա ցանկանում էր, որ Հայաստանում դպրոց հաճախեինք: Առաջին դասարան Գյումրիում եմ գնացել: Այդ ժամանակ Գյումրիում դեռ երկրաշարժի փլատակները կային, քաղաքը մաքրված չէր, բազմաթիվ քանդված շենքեր կային: Բայց Գյումրիի հետ կապված ուրախ հիշողություններ ունեմ: Այդ ծանր օրերին, միևնույն է, կար ջերմություն մարդկանց մեջ: Ծնողներս միշտ շփվել են արվեստագետների հետ, ու մեր տանը միշտ երաժիշտներ, դերասաններ, նկարիչներ են հավաքվել, ու մշակութային մթնոլորտում ենք մեծացել: Մանկության լավագույն հուշերը Գյումրիի հետ են կապված: Իմ քաղաքն է, հոգիս Գյումրիում է:

Հետո տեղափոխվել եք Երևան:

-Գյումրիում ծնողներս աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ ունեին, ու սկզբում հայրիկս տեղափոխվեց, հետո՝ մենք:

Ձեր հայրիկը Պարարվեստի ուսումնարանում է աշխատել երկար տարիներ: Նա միակն է, ով պատրաստում էր պուանտներ: Նա հանրահայտ Աշիկն է:

-Այո, այդպես է, ինձ էլ միշտ ասում էին` Աշիկի դուստրը: Բալետի մասին մայրիկիցս եմ իմացել, բայց չկար նպատակ, որ պետք է պարուհի դառնամ: Ինձ ու քրոջս ուսումնարանի խմբակ հայրիկս տարավ` զուտ զբաղմունքի համար՝ չկարծելով, որ ապագաս կկապվի բալետի հետ: Հետո արդեն ընդունվեցի Պարարվեստի ուսումնարան, ու այդպես գնաց: Ծնողներս էլ հանգիստ էին, որ ուսումնարանում եմ:

Իսկ ո՞ր պահից հասկացաք, որ բալետը Ձերն է:

-Բալետը սիրեցի հենց առաջին դասարանից, ավելի շատ սիրահարվեցի ուսուցչուհուս՝ Լոլա Գյուրջյանի կերպարին: Փոքրուց սիրել եմ, երբ ինձ գովում էին, չէի սիրում, երբ ինձ վրա բարկանում էին կամ նկատողություն անում: Դրա համար էլ փորձել եմ միշտ շատ լավ պարապել, և ուզում էի ուսուցչուհուս աչքին միշտ լավը լինել, որ ինձ միշտ գովար: Դրա համար էլ քրտնաջան պարապում էի: Աշխատասիրության համար ինձ «մրջյուն» էր անվանում:   

Ուսումնարանն ավարտել եք, բայց Օպերային թատրոնում երբեք չեք պարել: Ինչո՞ւ:

-Այդ թեմայով չեմ սիրում խոսել:

Մի անգամ ասել եք, որ այդ թեմայի պատճառով երկար ժամանակ խորը դեպրեսիայի մեջ եք եղել:

-Այո: Ավարտելուց հետո ես գնացի թատրոն: Այնպես չէ, որ հաճելի պատմություն է, բայց հիմա ո՛չ նեղացած եմ, ո՛չ վիրավորված: Այն, ինչ եղել է, եղել է լավի համար: Թատրոնում ինձ անգամ պայմանագիր առաջարկեցին, բայց հետո թատրոնի բալետային թատերախմբի գեղարվեստական ղեկավարը փոխվեց, ու նոր ղեկավարն ինձ չհավանեց:

Դա ո՞ր թվականին է եղել:

-2009-2010 թվականին: Դուռը փակել ու դուրս եմ եկել, ու թատրոն չեմ վերադարձել: Հետո սկսեցի դասավանդել, բայց, միևնույն է, բեմում պարելու ցանկությունը շատ մեծ էր:

Իսկ նման պահերը չե՞ն կոտրում: Երբ այդքան քրտնաջան աշխատանքից հետո դուռը հարազատ քաղաքում փակվում է: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ կան բալետային մի քանի թատրոններ, թատերախմբեր, Հայաստանում ընդամենը մեկ բալետային թատերախումբ կա:

-Իհարկե, ամեն ինչն էլ մեզ կոտրում է: Մեր մասնագիտության մեջ աշխատանքը դառնում է անձնական: Ես չեմ հավատա ոչ մի արտիստի, որը կասի, որ գործը գործ է ու անձնական չէ: Տարիների ընթացքում ես հասկացա՝ աշխատանքի հետ կապված ամեն ինչ իմ սրտին շատ մոտ եմ ընդունում, ու իմ աշխատանքն իմ կյանքն է: Բոլոր արտիստներն էլ այդպես են, գուցե արտաքուստ ցույց չտան, բայց բառի բուն իմաստով մենք մեզ ամբողջությամբ նվիրում ենք բալետին: Իհարկե, դեպքն ինձ կոտրել էր, ու շատ խորը դեպրեսիայի մեջ էի:

Բայց, երբ երևանյան թատրոնն իր դռները փակեց Ձեր առաջ, Եգիպտոսի պետական թատրոնն իր դռները բացեց:

-Այո, այդպես է, միանգամից, իհարկե, չեղավ, բայց, այո, Եգիպտոսն իր դռները բացեց:

Մարիամ Կարապետյան-պարուհի-1

Եգիպտոսի թատրոնի բեմում


Երևանում գործող «Գրիշկո» խանութը Ձեր կյանքում շատ կարևոր նշանակություն ունեցող վայր է:

-Այո (Ծիծաղում է - Հեղ․): Հայաստանում պարին նվիրված այլ խանութներ չկան, ու դա մեծ խնդիր է: Դրա համար էլ, մենք այդպես էլ չիմացանք, որ կա պուանտների բազմություն, որ կարող ես ընտրել հենց քեզ համար, քեզ համապատասխան: Քրոջս հետ «Գրիշկո» գնացել էինք պուանտ ընտրելու աշակերտներից մեկի համար ու հանդիպեցինք Եգիպտոսի բալետային թատերախմբի պատվիրակությանը: Մենք չգիտեինք, որ Եգիպտոսում ընդհանրապես բալետ գոյություն ունի: Մենք կարծեցինք ժողովրդական պարեր են պարում: Քույրիկս հարցրեց՝ արդյո՞ք տանուրա են պարում, ինչին արտիստներից մեկը վրդովված պատասխանեց, որ բալետի արտիստներ ենք: Քույրիկս ասաց, որ «Մարիամն էլ է բալետի արտիստ», ու ինձ ասացին, որ թատերախմբին պարողներ են հարկավոր: Պատվիրակությունն «Անի» հյուրանոցում էր մնում, և նույն օրը երեկոյան հյուրանոցի մարզասրահում տնօրենի հետ «կլասիկա» պարապեցի, ու ինձ միանգամից պայմանագիր առաջարկեցին: Ասացին, որ հունվարին «Կարապի լիճ» ներկայացում կա, ու ինձ այդ ներկայացման մեջ են տեսնում: Բայց մեկնելուց առաջ տնօրենն ասաց, որ հիմա «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացումն են պատրաստում, ու եթե հիմա գնամ, այդ ներկայացման մեջ էլ կպարեմ: Ես համաձայնվեցի, բայց չգիտեի, որ այդ «հիմա»-ն վեց օրից է: Երկու օր անց ինձ ուղարկեցին պայմանագիրը, հետո՝ դեսպանատան հրավերն ու ինքնաթիռի տոմսը: Երբ եկա Եգիպտոս, Հեղափոխությունը նոր էր ավարտվել: Ամեն ինչ փակ էր, մարդիկ դեռ վախեցած էին: Մեկ շաբաթ անց թատրոնն իր աշխատանքները սկսեց: Սկսել եմ կորդեբալետից, ինչպես բոլորը․․․

Ու հասել եք թատրոնի առաջատար մենակատարի:

-Այո: Կամաց-կամաց, դժվարությամբ հասա դրան:

Մարիամ Կարապետյան-պարուհի-2

Եգիպտոսը բարձրացրե՞ց Ձեր ինքնագնահատականը որպես բալետի արտիստ:

-Ոչ:

Երևանում տեղի ունեցած տհաճ պատմությունից հետո, երբ վեց օրվա մեջ Ձեզ հրավիրում են Եգիպտոս, երբ կորդեբալետից դառնում եք թատրոնի առաջատար մենակատարուհի, դա ինքնագնահատականի վրա չի՞ ազդում:

-Երևի Աստված ինձ շատ սիրեց ու փորձեց իմ երազանքներն իրականացնել: Ինձ տրվեց այդ շանսը, ու ես այն գնահատեցի, բայց որ ասեմ՝ ինքնագնահատականս դրանից բարձրացավ՝ չէ: Ես շատ անինքնավստահ մարդ եմ: Չեմ համարում, որ ինչ-որ մեծ բան եմ արել կամ ինչ-որ մեծ բանի եմ հասել: Ինձ համար միշտ քիչ է, միշտ առաջ գնալու տեղ կա: Բալետը, գիտեք, երկարատև չէ, ու գիտես, որ այսօր առաջատար մենակատար ես, վաղը մեկ ուրիշը քեզ կփոխարինի: Բեմի վրա փորձս է մեծացել, բայց որպես մարդ որևէ կերպ չեմ փոխվել:

Ո՞ւր եք ուզում, որ բալետը Ձեզ տանի:

-Ուր տանի՞: Շատ հետաքրքիր հարց եք տալիս: Երևի թե այս աշխարհին մի քիչ լույս բերի: Որքան կարող եմ` ուզում եմ պարել: Ինձ փորձեմ այն դերերում, որոնք դեռ չեմ հասցրել պարել: Կահիրեի Պարարվեստի ակադեմիայում երկար տարիներ է` դասավանդում եմ, ու որպես բեմադրիչ էլ եմ հանդես գալիս:

Դուք բավական շատ խարակտերային դերեր եք կերտել ու մարմնավորել նշանավոր կանանց: Հին եգիպտական ​​դիցաբանության մոգության աստվածուհի Իսիսին եք մարմնավորել, այնուհետ Կլեոպատրային:

-Եթե անկեղծ ասեմ` եգիպտական թատրոնում ինձ խարակտերային կերպար չեն համարում, ինձ առավելապես լիրիկական կերպարում են տեսնում ու միշտ ասում, որ ես «Ժիզել» եմ: Թեպետ դեռ փոքրուց Երևանի Պարարվեստի ուսումնարանում ինձ առավելապես խարակտերային կերպար էին դիտարկում: Բայց չգրված օրենք կա, որ թատրոնի առաջատար մենակատարը պետք է բոլոր գլխավոր դերերը պարի: Միշտ սիրել եմ կերտել պատմական հետաքրքիր կերպարներ: Աստվածուհու կերպարով բեմ դուրս գալ բոլոր արտիստները կուզենային: Կլեոպատրային մարմնավորելն ինձ համար մեծ պատիվ էր: Կլեոպատրայի ներկայացումը չափազանց շքեղ էր, քանի որ իրենց պատմությունն է, ու փարավոնը պաշտամունքի օբյեկտ է այստեղ: Շատ եմ սիրում ներկայացման մեջ սֆինքսի տեսարանը․ ֆիլմի նման է: Հսկա սֆինքսը բեմ են բերում, ես՝ վրան նստած: Միշտ ասում եմ, որ էլ ոչ ոք նման բան չի ապրի, ինչ ես եմ ապրել:

Մարիամ Կարապետյան-պարուհի-3

Հանդիսատեսը հայուհի պարողին ինչպե՞ս ընդունեց Կլեոպատրայի կերպարում:

-Հոտընկայս ծափահարում էին:

Ներկայացման պրեմիերայից հետո, Ձեզ` թե՛ կուլիսներում, թե՛ հանդիսատեսն անվանում է եգիպտական բեմի հայ Կլեոպատրա:

-Այո, այդպես է: Եգիպտոսում ինձանից առաջ մեկ եգիպտահայ է եղել` Սոնյա Սարգիսը: Ես երկրորդ հայն էի, որ այստեղ աշխատում է: Ինչպես սփյուռքահայերն են սիրում ասել՝ որպես Հայաստանից հայ` ես առաջինն եմ եգիպտական բեմում: Ինձ համար դա մեծ պատիվ է:

Մի անգամ ասել եք, որ գյումրեցու հպարտ բնավորությունը Ձեր մեջ շատ ուժեղ է, և  չեք սիրում ինչ-որ բան խնդրել: Ու երբ «Կարմեն» բալետի բեմադրության ժամանակ Ձեզ առաջարկել են ոչ թե Կարմենի, այլ գնչուհու դերը, դուք չեք մոտեցել բալետմեյստերին ու չեք խնդրել գլխավոր դերը: Հպարտ լինելը չի՞ խանգարում բալետի ասպարեզում:

-Խանգարում է անգամ կյանքում, միայն բալետում չէ: Բայց չեմ կարող իմ էության հետ կռվել: Փորձում եմ ինձ հանգստացնել, լինել ավելի հանդուրժող, բայց չեմ կարողանում ինքս ինձ հետ պայքարել: Այդ պայքարում գյումրեցին միշտ հաղթում է: Կյանքում երբեք որևէ բան չեմ խնդրել: Տուժում եմ շատ այդ առումով: Բայց ես էլ այդ տեսակն եմ:

Մարիամ Կարապետյան-պարուհի-4

Ձեր կյանքի ընկերը նույնպես բալետի արտիստ է: Հե՞շտ է, երբ ընտանիքում բալետի երկու արտիստ կա:

-Ե՛վ հեշտ է, և՛ դժվար: Միասին ենք աշխատում և՛ թատրոնում, և՛ Պարարվեստի ակադեմիայում: Բայց չէէ, երևի ավելի շատ դժվար է, եթե անկեղծ լինեմ, որովհետև մի սխալ էլ, որ անում եմ, իր կողմից ստացած նկատողությունն ավելի ծանր եմ տանում: Որ լավ չես պարում, արդեն տրամադրություն չես ունենում, երբ սիրելիդ էլ իր կողմից է նկատողություն անում, արդեն ծանր է դառնում: Ուսումնարանում էլ դասավանդման առումով հաճախ ենք ունենում ստեղծագործական վեճեր: Դա է պատճառը, որ աշխատանքից դուրս փորձում ենք չխոսել գործի մասին:

Միասին չե՞ք պարում:

-Չէ, չենք պարում, քանի որ նա մենակատար է, երբեմն էլ կորդեբալետում է պարում: Երկու անգամ ենք միասին պարել, երբ ես դեռ մենակատար էի:

Ներկայացումների մեծ մասը սիրո մասին է, ու արտիստների միջև պետք է նաև քիմիա լինի, որ ոչ միայն տեխնիկապես, այլև հատկապես դերասանական առումով կարողանան կերպարն ու զգացմունքները ճիշտ մատուցել: Դուք այլ արտիստների հետ բեմում պարում եք «Կարապի լիճ», «Ռոմեո և Ջուլիետ»: Խանդի տեսարաններ չե՞ն լինում:

-Չէ, չեն լինում: Զարմանալի է դա, քանի որ զուգընկերս շատ խանդոտ է: Իմ աշխատանքի ու իմ կյանքի միջև պատ կա, երբ հատկապես ռոմանտիկ կերպարներ եմ կերտում: Իմ ու ընկերոջս միջև վստահություն կա, ու գիտի, որ ես ինձ կերպար կերտելու համար ոչ մի ավելորդ բան թույլ չեմ տա: Մի դեպք պատմեմ. «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումն էինք բեմադրում, որը շատ ռոմանտիկ, շատ գեղեցիկ պատմություն է՝ համբույրի տեսարանով: Ու Ջուլիետն իմ սրտին շատ մոտ է: Փորձերին համբույրի տեսարանը չէինք փորձում: Որպեսզի պրեմիերային առաջին համբույրն իրական ու զգացմունքային թվար, փորձերին խաղընկերս միշտ այտս էր համբուրում: Համբույրը ներկայացման ժամանակ եղավ ու, իրոք, հանդիսատեսը հավատաց: Ներկայացումից հետո ասացին, որ բեմում իրական Ռոմեո և Ջուլիետ էր: Ու կարծում էի, որ խնդիրներ կլինեն, խանդի տեսարաններ կլինեն, բայց բացարձակ ոչինչ չեղավ: Պարընկերս էլ է ամուսնացած, իր կինը խանդել էր, բայց ինձ մոտ խնդիրներ չեղան, ինչն ինձ համար շատ զարմանալի էր: Կարծում եմ՝  մեր հարաբերություններում ամուր վստահություն կա:

Մարիամ Կարապետյան-պարուհի-5

Եգիպտոսում բալետային մշակույթն ինչպիսի՞ն է: Հեռվից այն տպավորությունն է, որ եգիպտացի հանդիսատեսն ավելի փակ է, ավելի կարծրատիպային, ու կարծես բալետի հանդեպ հետաքրքրություն չպետք է լիներ, մինչդեռ թատրոնի խաղացանկը բավական ընդարձակ է:

-Մինչ այստեղ տեղափոխվելը, ես էլ շատ սխալ կարծիք ունեի մահմեդական աշխարհի ու հատկապես Եգիպտոսի մասին: Հայաստանում մենք այլ պատկերացում ունենք: Ինչպես Դուք ասացիք՝ կարծում ենք, որ ավելի փակ են, ամեն ինչը սահմանափակ է: Եգիպտոսը մահմեդական երկիր է, բայց դեմոկրատական արժեքներ ունի ու ժամանակի հետ են քայլում: Առաջին ներկայացումս «Մարդուկ-Ջարդուկն» էր, ութ ներկայացում ունեինք, ու բոլոր ներկայացումների տոմսերը սպառվել էին․ անշլագ էր: Ես ապշել էի, երբ իմացա, որ այստեղ բալետ շատ են սիրում: Հատկապես այսօրվա իրականության մեջ, երբ ամբողջ աշխարհում արվեստը ճգնաժամի մեջ է, այստեղ հակառակն է, ու առավելապես գնահատում են դասական արվեստը: Ժամանակակից գործերը հանդիսատես չեն ունենում: Պատճառը չիմացությունն է, հետո նոր բանը հեշտ չի ընդունվում: Դասական ամենահայտնի ներկայացումների տոմսերը վաճառվում են ամիսներ առաջ՝ «Կարապի լիճ», «Ոոմեո և Ջուլիետ», «Մարդուկ-Ջարդուկ»: Օրինակ, երբ «Կարմենը» բեմադրեցին, հակառակը, շատ հանդիսատես չհավաքեց: Հասարակության վրա ազդեցություն ունի հանգամանքը, որ Եգիպտոսը եղել է ֆրանսիական ու անգլիական գաղութ․ ավելի արիստոկրատ են: Իհարկե, Եգիպտոսը շատ մեծ երկիր է, տարբեր խավեր կան: Կան մարդիկ, որ ընդհանրապես չեն հասկանում՝ դա ինչ է, կրոնական ընտանիքներում արվեստը մեղք է համարվում: Բայց քանի որ արվեստը պետական առումով գնահատվում է ու պահպանվում ու կա խավ, ոսկե խավը, որը գնահատում է ու գալիս ներկայացումներին: Կարծես թե նույնն է, ինչ ամբողջ աշխարհում: Մարդիկ էլ կան, որ ուղղակի գալիս են թատրոնում check inn լինելու համար, չեն էլ հասկանում՝ ի՞նչ է կատարվում բեմում:

Մարիամ Կարապետյան-պարուհի-6

Կահիրեի պետական թատրոնի խաղացանկում ընդգրկված է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» ներկայացումը:

-Այո: Մեծագույն հպարտություն է ինձ համար ամեն անգամ հայ հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործության տակ պարելը: Տարիներ առաջ «Գայանե»-ն էլ է եղել՝ սկզբում ամբողջական, հետո կրճատված տարբերակով: Ցավոք, հիմա խաղացանկից դուրս է եկել: Իսկ «Սպարտակը» հիմնական խաղացանկում է ու միշտ շատ հանդիսատես է հավաքում: Հանդիսատեսը և՛ ծանոթ է, և՛ սիրում է: Թեպետ բելառուս բեմադրիչ Վալենտին Ելիզարովի բեմադրությունն է․ հետաքրքիր տարբերակ է: Բայց միայն այն հանգամանքը, որ գրվում է Արամ Խաչատրյան, արդեն մեծագույն հպարտություն է:

Դուք Ֆրիգիայի՞ն եք մարմնավորում:

-Այո:

Զարմանալի է: Կլեոպատրայից հետո ես կարծում էի, որ Դուք կմարմնավորեք Էգինային:

-Զարմանալի է, բայց այս բեմադրության մեջ Էգինայի կերպար չկա: Գլխավոր դեր մեկն է՝ Ֆրիգիան, իսկ Կրասոսի հետ հանդես են գալիս երկու կուրտիզանուհիներ:

Մարկ Մնացականյանի բեմադրությամբ «Լորկիանա»-ն էլ տարիներ շարունակ Կահիրեի բեմից ցուցադրվել է:

-Այսօր էլ է ցուցադրվում, երկու տարին մեկ անգամ խաղացանկում ընդգրկվում է, ու հանդիսատեսն էլ շատ սիրում է:

Մարիամ Կարապետյան-պարուհի-7

Բացի նրանից, որ Դուք թատրոնում պարում եք ու միաժամանակ դասավանդում, Դուք շատ սերտ կապ ունեք Եգիպտոսի հայ համայնքի հետ: Դուք «Սարդարապատ» պարախմբի գեղարվեստական ղեկավարն եք:

-Թեպետ ես բալետի արտիստ եմ ու շատ մասնագիտացած չեմ հայկական ժողովրդական պարերի մեջ, բայց ցանկությունն իրենց մոտ այնքան մեծ էր, որ վերականգնվեր համույթը, որ հայ մանուկները հայերեն պարեր իմանան, որ ես համաձայնվեցի: Հիմա սփյուռքի գաղթօջախները մի փոքր ճգնաժամի մեջ են՝ հեռանում են հայկական արմատներից, մանավանդ այսօրվա տեխնոլոգիաներն այլ արժեքներ են ստեղծում: Քույրիկս Երևանում ժողովրդական պարերի բաժինն էր ավարտել ու ինձ շատ է օգնում: Որպես բեմադրիչ` սիրում եմ այդ գործը: Շատ սիրում եմ մեր հայկական երաժշտությունը, երբեք չեմ դադարում ասել, որ Կոմիտասն իմ ամենասիրելի կոմպոզիտորն է: Դա ոչ թե աշխատանք եմ համարում, այլ ավելի հոգևոր գործունեություն, ու եթե երեխաները պարի շնորհիվ կարող են իրենց հայկականությունը պահպանել, դա արդեն հրաշալի է:

Մարիամ Կարապետյան-պարուհի-8

Դուք Ձեր խոսքի սկզբում էլ նշեցիք, որ բալետի արտիստի ստեղծագործական կյանքը երկար չէ: Հաճախ գուցե արտիստն ունենում է ցանկություն շարունակելու պարել, բայց մարմինն արդեն թույլ չի տալիս կատարել վարժությունները: Արդեն մտովի պատկերացնո՞ւմ եք` ինչպիսին է լինելու հրաժեշտը բեմին, ու ինչո՞վ եք զբաղվելու բեմից հետո:

-Անկեղծ` չեմ պատկերացնում ու չեմ մտածում բեմին հրաժեշտ տալու մասին: Գիտակցում եմ, որ գալու է այդ ժամանակը: Մենք շատ հաճախ ենք վնասվածքներ ստանում, ու ես էլ ժամանակին լուրջ վնասվածք ունեի, ու կարծում էի, որ էլ չեմ կարողանա պարել: Բայց մեր ամբիցիաներն ավելի ուժեղ են, ու եթե մի բան իսկապես ուզում ենք, անպայման հասնում ենք: Իհարկե, կշարունակեմ գիտելիքներս փոխանցել հաջորդ սերնդին: Երազանքներ ունեմ, բայց, երբ կատարվեն, այդ ժամանակ Ձեզ կասեմ:

Չե՞ք սիրում խոսել երազանքների մասին, մինչև դրանք չեն կատարվում:

-Մեկ անգամ երազանքս գողացան, դրա համար մտքերս սկսեցի չկիսել մարդկանց հետ: Այնպես ստացվեց, որ համագործակից գտա, որպեսզի երազանքներիցս մեկն իրականացնեմ: Ամեն ինչ նորմալ էր գնում, ամեն ինչ պլանավորված էր: Երբ վերադարձա Եգիպտոս, պատահաբար կարդացի հարցազրույց, ու պարզեցի, որ իմ միտքը գողացել ու դարձրել են իրենցը:

Դա Երևանո՞ւմ է եղել:

-Գյումրիում:

Բալետի հե՞տ էր կապված:

-Այո, բալետի հետ էր կապված, չեմ ուզում շատ փակագծեր բացել:

Կարծես թե ես գուշակեցի: Գյումրիում բալետի թատրոն բացելու ծրագրի հե՞տ է կապված:

-Այո (Ծիծաղում է - Հեղ.): Ըստ մեր պատմության՝ առաջին բալետային թատերախումբը ստեղծվել է Գյումրիում: Պետք է վերադառնամ Ձեր մտքին, երբ ասացիք, որ Հայաստանում բալետի թատրոնը մեկն է, ինչը շատ վատ է, քանի որ մրցակցություն չկա, իսկ երբ մրցակցություն չկա՝ զարգացում էլ չի լինում ու ճահճացում է լինում: Նույն երևույթը Կահիրեում էլ կա: Եվ ուզում էի վերականգնել, որպեսզի Գյումրիում էլ լիներ բալետի թատրոն: Այդպես իմ միտքը գողացան, բայց ինչպես պարզվեց հետագայում` իրենց մոտ դա չստացվեց, ու նրանք չկարողացան դա իրագործել:

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Հակոբ Խառատյան․ Պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ՝ ինչ-որ բանի հասնելու համար

Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում

Արմինա Խաչատրյան․ 31 տարեկանում վերջապես դարձա բալետի արտիստուհի

Գարի Սևոյան․ Մենք այսօր Ուկրաինայում բալետային ներկայացումներով ենք պատերազմի մեջ ապրող մարդկանց ապրելու հույս տալիս

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ