Մադրիդի «Ռեալի» իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն պատրաստ է լսել կատալոնական «Բարսելոնայի» առաջարկը:
Diario Sport-ի տեղեկություներով, 27-ամյա ֆուտբոլիստը, որի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին, զայրացած է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի վերաբերմունքից ու պատրաստ է դիտարկել ակումբային գրանցումը փոխելու տարբերակը:
Սևիլիայի «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում (0-0) իտալացի մասնագետն Ասենսիոյին կարգադրել է շուրջ կես ժամ նախավարժանք կատարել, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի բերել:
Կատալոնական ակումբը վաղուց է հետաքրքրված Իսպանիայի ազգային հավաքականի վինգերի ծառայություններով և դեռևս պաշտոնական առաջարկ չի արել, սակայն ուշադրությամբ հետևում է իրավիճակին:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկո Ասենսիոն «Ռեալի» կազմում անցկացրած 31 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում:


