Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր ներկայացուցիչները դուրս են եկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը հաղթահարել են առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը: Բազմամարտում Էրիկ Բաղդասարյանը 13,066 ցուցանիշով զբաղեցրել է 8-րդ տեղը:
Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանը կներկայացնեն Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք որակավորման գրանցել են համապատասխանաբար 13,800 և 13,666 ցուցանիշները և զբաղեցրել 2-3-րդ տեղերը: 1-ին տեղը գրավել է վրացի մարզիկը, որը նույնպես գրանցել է 13,800 ցուցանիշ:
Օղակների վարժության եզրափակիչում նույնպես Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ. Համլետ Մանուկյանը որակավորման փուլում 13,233 ցուցանիշով զբաղեցրել է 5-րդ տեղը, Էրիկ Բաղդասարյանը 13,066 միավորով 8-րդն է:
Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներից 4-ը:


