Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում հայտնի են բոլոր վարժությունների հաղթողներն ու մրցանակակիրները:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Հայաստանի չեմպիոն է դարձել պտտաձողի, զուգափայտի և հենացատկի վարժություններում: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը պտտաձողի վարժությունում վաստակել է 12,966 միավոր, զուգափայտում՝ 13,866, իսկ հենացատկում՝ 14,183:
Օղակների վարժությունում հաղթել է Վահագն Դավթյանը, որը վաստակել է 14,566 միավոր:
Նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալ է նվաճել Գագիկ Խաչիկյանը՝ վաստակելով 14,466 միավոր:
Ազատ վարժությունում Հայաստանի չեմպիոն է դարձել Համլետ Մանուկյանը (12,8 միավոր):
Հենացատկի կանանց պայքարում Հայաստանի առաջնության հաղթող է դարձել Մանե Պողոսյանը (12,675 միավոր):
Հավասարակշռության գերան վարժությունում ոսկե մեդալը 12,15 միավորով միավորով նվաճել է Աննա Մանթաշյանը:
Տարբեր բարձրությունների զուգափայտ մրցաձևում 10,15 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Նանե Միքայելյանը:
Ազատ վարժություններում Հայաստանի չեմպիոն է դարձել Աննա Մանթաեյանը (12,6 միավոր):
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության առաջին օրը բազմամարտում ոսկե մեդալները նվաճել էին Արթուր Դավթյանը և Աստղիկ Կասպարովան:


