Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրի «Մարսել» - ՊՍԺ կենտրոնական խաղը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է և կկայանա սեպտեմբերի 22-ին, մեկնարկը՝ ժամը 22:00-ին, հայտնում է Լիգա 1-ի պաշտոնական կայքը:
Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պրեֆեկտ Ժորժ-Ֆրանսուա Լեկլերը հայտարարել է, որ այսօր՝ երեկոյան ժամերին, «Վելոդրոմ» ստադիոնի տարածքում սպասվում են ուժեղ անձրևներ և ամպրոպ։ Տարածաշրջանում հայտարարվել է նարնջագույն տագնապ, և այդ պայմանններում խաղ անցկացնելն անհնար է:
L'Équipe-ը գրում է, որ ըստ Լիգա 1-ի կանոնակարգի` եթե խաղը հետաձգվում է եղանակային պայմանների պատճառով, այն կայանում է հաջորդ օրը: Միայն բացառիկ դեպքերում է, որ տվյալ խաղը տեղափոխվում է այլ օր: Սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում տեղի կունենա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, մրցանակի գլխավոր հավակնորդն էլ ՊՍԺ-ի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն է: Ընդհանուր առմամբ` Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի կազմից նոմինացված է 8 ֆուտբոլիստ: Չնայած դրան՝ արդեն հայտնի է, որ խաղի մեկնարկը նշանակվել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հենց մեկնարկի ժամին՝ 22:00-ին:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին` ժամը 22:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով:
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Թարմացված է՝ 21.09.2025թ., ժ.՝ 19:15-ին:


