«Բարսելոնայի» արդեն նախկին պաշտպան Ինյիգո Մարտինեսը, որն օրեր առաջ անակնկալ տեղափոխվեց «Ալ Նասր», առաջին անգամ խոսել է կատալոնական ակումբից հեռանալու մասին, հայտնում է Marca-ն:
Անհավանական առաջարկը
Մարտինեսը խոստովանել է, որ տեղափոխության որոշումը հեշտ չի եղել, հատկապես իր ընտանիքի համար։ Նա նշել է, որ եթե «Բարսելոնայի» հետ ունենար մեկ տարուց ավելի պայմանագիր, ապա որոշում կայացնելիս ավելի երկար կմտածեր։ «Ես «Բարսայում» ցածր աշխատավարձ չէի ստանում, և ընտանիքս երջանիկ էր։ Որոշումը հեշտ չէր, քանի որ այն ազդում էր իմ կնոջ և դուստրերի վրա։ Բայց վստահ եմ, որ եթե ավելի երկար պայմանագիր ունենայի, կմտածեի դրա մասին»։
Պաշտպանն «Ալ Նասրի» առաջարկը որակել է որպես «անհավանական»։ «Այդպիսի «գնացքներ» հազվադեպ են գալիս, և դրանց «ոչ» ասելը բարդ է: Երբ տեսնում ես նման առաջարկ, ուղղակի չես հավատում։ Ոչ ոք պատրաստ չէ այսպիսի պայմանագրեր տեսնելուն, համենայն դեպս՝ ես։ Ես եղել եմ ֆուտբոլի «զինվոր»՝ աստիճանաբար բարձրանալով քրտինքի և ջանքերի շնորհիվ, բայց երբ ստանում ես նման պայմանագիր, այն քեզ անակնկալի է բերում, հատկապես՝ ընտանիքիդ»:
Զրույցը Հանսի Ֆլիկի հետ
Մարտինեսը բացահայտել է, որ իր որոշման մասին խոսել է նաև «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ։ «Շրջագայությունից վերադառնալուց հետո խոսեցի Ֆլիկի հետ։ Ես անկեղծ էի նրա հետ, քանի որ գիտեի, որ ինձ կհասկանա։ Ի վերջո, ես մեկ տարվա պայմանագիր ունեի և 34 տարեկան եմ։ Նման հնարավորությունները հազվադեպ են լինում, և դրանցից հրաժարվելը դժվար է»:
Նա նաև ավելացրել է, որ Ֆլիկը, թեև զարմացել էր, սակայն «երկու րոպեում ամբողջությամբ հասկացավ իրեն»։ «Մեր զրույցը հաճելի էր, բայց միևնույն ժամանակ՝ տխուր, քանի որ փոխադարձ հարգանք կար։ Տխուր էր, որ մեր համատեղ ճանապարհն ավարտվում էր, և ես այլևս թիմի մաս չէի լինելու»։


