Logo

Marvel-ի ոճով. Ծանր պահերին օգնության հասնող անսպասելի հերոսներ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 17.03.2021ՍՊՈՐՏ
Sergi Roberto - Marvel-ի ոճով. Ծանր պահերին օգնության հասնող անսպասելի հերոսներ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:10

-

-

Ֆուտբոլում փառքը հաճախ հասնում է գոլ խփողներին: Որքան շատ ես գոլ խփում, այնքան շատ են մեծարում: Բազմաթիվ ֆուտբոլիստներ հազվադեպ են նման պատվի արժանանում, բայց կան նաև նրանք, որոնք մեկ գոլի շնորհիվ պատմության մեջ կմնան: VNews.am-ն առանձնացրել է 5 դեպք, երբ իրենց կարիերայում քիչ գոլեր խփող ֆուտբոլիստները ամենակարևոր պահին փրկել են իրենց թիմերին:

ԱԱ-2010-ի կիսաեզրափակիչ. Գերմանիա – Իսպանիա (0:1). Կառլես Պույոլ

Իսպանիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով էր մեկնել Աշխարհի առաջնության և ուներ հարձակվողական թիմի համբավ: Այդուհանդերձ, Մունդիալում գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նախընտրեց ամրապնդել միջին գիծը և խաղալ երկու հենակետային կիսապաշտպաններով (Բուսկետս, Ալոնսո), ինչն ազդեց նաև հարձակման գծի արդյունավետության վրա: Չնայած նրան, որ «Ֆուրիա ռոխան» շարունակում էր գրավիչ ֆուտբոլ խաղալ, միևնույն է փլեյ-օֆֆում բոլոր հաղթանակները տարավ 1:0 հաշվով:

Նախնական հաշվարկներով ամենաբարդ հանդիպումը սպասվում էր կիսաեզրափակիչում, որտեղ իսպանացիները հանդիպեցին մյուս ֆավորիտին՝ Գերմանիային: Այդ խաղում որոշիչ դարձավ 73-րդ րոպեին Կառլես Պույոլի գլխով խփած գոլը, որը գրանցվեց անկյունայինից Չավիի կատարած փոխանցումից հետո: Այդ պահին շատերը կենտրոնացել էին իսպանացիների կազմում գլխով խաղի վարպետներ Սերխիո Ռամոսի և Ժերար Պիկեի վրա, սակայն «ֆուրիա ռոխան» անակնկալ էր պատրաստել: Դել Բոսկեն օգտագործեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստների վաղուց մշակված համագործակցությունը, երբ Պույոլը վազելով մոտենում է կոնկրետ կետի, որտեղ հենց Չավին փոխանցում է կատարում: Այդ հնարքը նրանք կիրառել են մարզումների ժամանակ, ինչը հետագայում խոստովանեց նաև Պույոլը: Կառլեսն Իսպանիայի հավաքականում 100 խաղ է անցկացրել, որոնցում ընդամենը 3 գոլ է խփել: Այդ գոլերից մեկը պատմական դարձավ:

Ի դեպ, Չավին ու Պույոլն այդ կերպ գոլ էին կազմակերպել նաև Մադրիդում՝ «Ռեալ» – «Բարսելոնա» լեգենդար խաղի ժամանակ, որում կատալոնացիները հաղթեցին 6:2 հաշվով:

ԱԱ-1998, կիսաեզրափակիչ. Ֆրանսիա – Խորվաթիա (2:1). Լիլիան Թյուրամ

Ֆրանսիայում անցկացվող աշխարհի առաջնությունում տանտերերը գլխավոր ֆավորիտների թվում չէին: Բոլորը խոսում էին գործող չեմպիոն Բրազիլիայի և հիասքանչ ֆուտբոլ ցուցադրող Նիդերլանդների մասին: Ֆրանսիան մեծ ճիգերի գնով հաղթահարեց փլեյ-օֆֆի ճանապարհը դեպի եզրափակիչ: 1/8 եզրափակիչում Պարագվայի դարպասը միակ գոլը 116-րդ րոպեին խփեց Լորան Բլանը, քառորդ եզրափակիչում Իտալիայի հետ ոչ-ոքի գրանցվեց (0:0) և ամեն ինչ որոշվեց 11-մետրանոցներով, իսկ կիսաեզրափակիչում Էմե Ժակեի թիմը մրցեց Մունդիալի գլխավոր անակնկալ դարձած Խորվաթիայի հետ: Բալկանները հենց նոր էին ոչնչացրեց Գերմանիայի հավաքականին (3:0) և կիսաեզրափակիչում մտադիր էին զարգացնել հաջողությունը: 46-րդ րոպեին Դավոր Շուկերը բացեց հաշիվը և թվաց ֆրանսիացիները գնում են տուն դուրս են մնում մրցաշարից, բայց հայտնվեց անսպասելի հերոս: Պաշտպան Լիլիան Թյուրամը, որը նախկինում երբեք գոլ չէր խփել Ֆրանսիայի հավաքականի կազմում, դարձավ դուբլի հեղինակ: 47-րդ րոպեին նա մրցակցի տուգանայինի մոտ խլեց գնդակը, հետո փոխանցում ստացավ Յուրի Ջորկաեֆից և հավասարեցրեց հաշիվը: Քիչ հետո Թյուրամը ևս մեկ անգամ մրցակցի տուգանայինի մատույցներում խլեց գնդակը և իր թույլ՝ ձախ ոտքի շեշտակի հարվածով հաղթանակ պարգևեց Ֆրանսիային: Եզրափակիչում, «եռագույնները» զարմանալիորեն հեշտությամբ հաղթեցին Բրազիլիային (3:0):

Թյուրամը մինչև օրս Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստն է (142) և այդպես էլ ազգային ընտրանու կազմում այլ գոլ չի խփել:

Չեմպիոնների լիգա. 2005-06-ի եզրափակիչ. «Բարսելոնա» – «Արսենալ» (2:1). Ժուլիանո Բելետի

«Բարսելոնան» դեռ 2004-05 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հիմնական ֆավորիտն էր, սակայն սկանդալային գոլի պատճառով «Չելսին» նրանց դուրս թողեց 1/8 եզրափակիչից: Հաջորդ մրցաշրջանում Ֆրանկ Ռայկարդի թիմն էլ ավելի էր ուժեղացել: Ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրող Ռոնալդինյոյի, Էտո’Օի, Դեկուի և մյուսների կողքին սկսել էր հաճախ խաղաժամանակ ստանալ պատանի Լիոնել Մեսսին: Կատալոնական թիմն առանց մեծ դժվարությունների հասավ եզրափակիչ, որում պետք է մրցեր «Արսենալի» հետ:

Եթե դուք Արսեն Վեգների «Արսենալին» նրա մարզչական վերջին տարիներին եք տեսել, ուրեմն նրանց կհիշեք որպես ոչ ուժեղ պաշտպանությամբ թիմ (մեղմ ասած), որը շատ գոլեր էր բաց թողնում: Բայց 2000-ականների սկզբում «զինագործները» ճիշտ հակառակն էին, իսկ 2006-ի դրությամբ դեռ չէին մոռացել կարևոր խաղերում ամուր պաշտպանվելու ունակությունը: Որպես ապացույց՝ նրանք ՉԼ-ի փլեյ-օֆֆն անցան առանց գոլ բաց թողնելու, այն դեպքում, որ երկուական խաղ անցկացրին Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Վիլյառեալի» հետ:

Փարիզում կայացած եզրափակիչի մեկնարկում մրցավարն անսպասելիորեն նախընտրեց վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ցույց տալ «Արսենալի» դարպասապահ Յենս Լեմանին, այլ ոչ թե գրանցել Լյուդովիկ Ժյուլիի խփած գոլը: Արդյունքում, անգլիացիները մնացին 10 ֆուտբոլիստով և փակվեցին սեփական տուգանային հրապարակում: Իսկ երբ 37-րդ րոպեին Թյերի Անրիի փոխանցումից հետո Սոլ Քեմբելն առաջ մղեց «Արսենալին», նրանք սեփական դարպասի դիմաց այնպիսի պաշտպանություն կառուցեցին, որը Ժոզե Մոուրինյուն առանց վարանելու Լոնդոնի երկհարկանի ավտոբուս կանվաներ:

«Բարսելոնային» փրկեց Ռայկարդի փոխարինումները: Անդրես Ինյեստան ամբողջությամբ փոխեց իր թիմի խաղի կազմակերպումը, իսկ Հենրիկ Լարսոնը երկու գոլային փոխանցում կատարեց: 76-րդ րոպեին աչքի ընկավ Էտո’Օն, իսկ հինգ րոպե անց… Ժուլիանո Բելետին: Հենց նա է մեր այսօրվա թոփում հայտնված հերոսը: Եզրային պաշտպանները քիչ գոլեր չեն խփում, առավել ևս եթե բրազիլացին են, բայց այդ պնդումը Բելետիի մասին չէ: Ժուլիանոն կատալոնական թիմում անցկացրած 71 խաղում միայն մեկ գոլ է խփել և այն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էր:


ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ. Ֆրանսիա – Բելգիա (1:0). Սամուել Ումտիտի

Առաջին չեմպիոնությունից 20 տարի անց Ֆրանսիան Մունդիալը հաղթեց արդեն հիմնական ֆավորիտի կարգավիճակում: Ամբողջ մրցաշարում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը հաշվի մեջ զիջել է ընդամենը 9 րոպե, երբ Արգենտինայի դեմ 1/8 եզրափակիչի խաղում հաշիվը դարձավ 1:2: Դրանից հետո ֆրանսիացիներն արագորեն քամբեք կատարեցին և հաղթեցին՝ 4:3:

Կիսաեզրափակիչ հասած 4 թիմերից ֆրանսիացիների համար ամենալուրջ մրցակիցը համարվում էր Բելգիան, որի «ոսկե սերունդը» ձգտում էր հավաքականների մակարդակում որևէ կարևոր տիտղոս նվաճել: Եվ հենց Բելգիայի հետ Ֆրանսիան հանդիպեց եզրափակիչի համար ուղեգիր տվող խաղում:

Անզիջում խաղում միակ գոլը գրանցվեց 51-րդ րոպեին: Անտուան Գրիզմանի իրացրած անկյունայինից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Սամուել Ումտիտին: Նա օդային պայքարում հաղթեց Մաուրան Ֆելայինիի նման հսկային:

Կենտրոնական պաշտպանը հավաքականում և իր ակումբներում մշտապես մրցակցի տուգանային հրապարակ է գնում ստանդարտ իրավիճակների ժամանակ, սակայն հաճախ նրա հարվածներից հետո զարմանալիորեն գոլ չի գրանցվում. մեկ դեպքում դարպասապահն էր փրկում, մյուսում՝ դարպասաձողը, կամ ընդհանրապես հարվածը բարձր է ընթանում: Վերջիվերջո ճակատագիրը նրան փոխհատուցեց այդքան կարևոր պահին խփած գոլով:

Ցավոք, դա Ումտիտիի կարիերայի վերջին հաջող պահերից մեկն էր: Մունդիալի ավարտից հետո նրան սկսեցին հետապնդել վնասվածքները, ինչի հետևանքով հաջորդ գրեթե 3 տարում նա մասնակցեց ընդամենը 46 խաղի:

Չեմպիոնների լիգա. 2006-07-ի 1/8 եզրափակիչ. «Բարսելոնա» – ՊՍԺ (6:1). Սերխիո Ռոբերտո

21-րդ դարի ամենաքննարկվող խաղերից մեկը շարունակում է ակտուալ մնալ: Մինչև օրս այդ խաղի մասին հիշատակումները բազմաթիվ արձագանքներ են ունենում համացանցում: Սակայն այդ ամենը չէր լինի, եթե 90+5 րոպեին Սերխի Ռոբերտոն հաշիվը չդարձներ 6:1:

Փարիզում «Բարսելոնան» պարտվել էր խայտառակ՝ 0:4 հաշվով և պատասխան խաղից առաջ նրանց քամբեքին շատ մարդիկ էին հավատում: Բայց արդեն 50-րդ րոպեի դրությամբ հաշիվը 3:0 էր և քամբեքն արդեն ժամանակի հարց էր թվում: 62-րդ րոպեին Էդինսոն Կավանին հաշիվը դարձրեց 3:1 և Լուիս Էնրիկեի թիմի համար ստեղծեց իրավիճակ, որի համար նրան պարտադիր հարկավոր էր ևս 3 գոլ խփել: 88-րդ րոպեին այդ խնդիրը դեռ չէր փոխվել, սակայն Նեյմարի ու Մեսիի գոլերի շնորհիվ հաշիվը դարձավ 5:1 և մեկ գրոհի համար դեռ ժամանակ էր մնում: Մրցակցի կիսադաշտ եկած դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը տուգանայինի իրավունք վաստակեց, այն խաղարկեց Նեյմարը, կատարեց հիասքանչ փոխանցում, որը եզրափակեց Ռոբերտոն:

Կատալոնացին այս պահի դրությամբ 11 տարի է անցկացրել «բլաուգրանայի» գլխավոր թիմում և ընդամենը 3 գոլ է խփել: Այդ գոլերից մեկն այնպիսի ռեակցիա առաջացրեց «Նոու Կամպում», որ կատալոնական սեյսմիկ կայանների սարքերը երկրաշարժ արձանագրեցին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ