Logo

Մարզական տո՞ն, թե՞ անիմաստ Եվրոպական խաղեր. Հայաստանի թիմը չլուծեց իր հիմնական խնդիրը Կրակովում 

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
15:01 / 07.07.2023• Այլ մարզաձևեր
Բացառիկ
null

Նախորդ հանգստյան օրերին լեհական Կրակովում ավարտվեցին երրորդ Եվրոպական խաղերը: Եվրոպայի «օլիմպիական» խաղերի կազմակերպիչները դեռ փնտրտուքների մեջ են՝ մրցումներն ավելի գրավիչ դարձնելու համար, սակայն Խաղերի էվոլյուցիան առայժմ կասկածի տակ է դնում դրանց հետագա գոյությունը:

Ի սկզբանե, Եվրոպական խաղերի անցկացման գաղափարը միանշանակ չէր ընդունվում: Մարզաձևերից շատերի համար այն պարզապես լրացուցիչ բեռ է, որից շատերը փորձում են ազատվել: Ըստ էության, Եվրոպական առաջին խաղերը 2015-ին որպես նվեր մատուցվեցին Ադրբեջանին, որն ահռելի պետական միջոցներ ներդնելով՝ որոշ ներքին քաղաքական հարցեր լուծեց ու փորձեց աշխարհին ներկայանալ որպես սպորտային գերտերություն, ինչն իրականում փուչիկ էր, որը բավականին շուտ պայթեց: Իսկ արդեն հաջորդ Խաղերը, որոնք պետք է անցկացվեին Նիդերլանդներում, ընդհանրապես կարող էին տեղի չունենալ, քանի որ կազմակերպիչը հրաժարվեց, և իրավիճակը փրկեց միայն Բելառուսը, որը 2019-ին իր մայրաքաղաք Մինսկում ընդունեց մրցումները: Հասկանալի է, որ Բելառուսի նպատակներն էլ նման էին ադրբեջանականին: Պատահական չէ, որ առաջին Խաղերում Ադրբեջանը, երկրորդում էլ՝ Բելառուսը մեդալային հաշվարկում զբաղեցրին երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին:

Մարզական տեսանկյունից ևս ամեն ինչ ակնհայտ էր. եթե Բաքվում խաղարկվում էր 845 մեդալ, ապա Մինսկում՝ միայն 683: Մարզիկների թիվը նույնպես կրճատվել էր՝ 6000-ից հասնելով 4000-ի: Առաջատար մարզիկների համար Խաղերը մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում: Եվրոպական օլիմպիական կոմիտեն փորձում է մեծացնել Խաղերի մարզական հետաքրքրությունը՝ որոշ մարզաձևերի համար սահմանելով օլիմպիական քվոտաներ, սակայն նույնիսկ այդ դեպքում շատ առաջատար մարզիկներ ուշադրություն չեն դարձնում մրցաշարին: Իսկ այս տարի Եվրոպական խաղերի ծրագրից դուրս էր մնացել մարմնամարզությունը, որը Մինսկում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած մարզաձևերից էր:

Կազմակերպիչները, հաշվի առնելով 2019-ի խնդիրները, 2023-ի մրցումներում մեծացրել էին մարզաձևերի քանակը՝ ոչ օլիմպիական մարզաձևերի հաշվին: Մասնավորապես, Կրակովում մեդալներ էին խաղարկվում ծովափնյա ֆուտբոլ, ծովափնյա հանդբոլ, կարատե, մուայթայ, պադել-թենիս, թռիչք անվադահուկներով, ժայռամագլցում և թեքբոլ մարզաձևերում: Ոչ օլիմպիական մարզաձևերի նման քանակություն նախորդ Խաղերում չէր եղել: Մասսայական տեսանկյունից որոշումը, հավանաբար, ճիշտ էր, սակայն միցումների նկատմամբ հետաքրքրությունը դա առանձնապես չէր ավելացրել: Բացի այդ, Եվրոպական խաղերում նորամուտը նշեցին բրեյքդանսն ու ռեգբի-7-ը, որոնք ընդգրկված են Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրում: 

Առայժմ դժվար է հավատալ, որ Եվրոպական խաղերը մոտ ապագայում կդառնան մարզական խոշոր իրադարձություն, որին կձգտեն մասնակցել Եվրոպայի ուժեղագույն մարզիկները: «Այլընտրանքային» մարզաձևերի ներգրավումը, երևի, միակ տարբերակն է հետաքրքրությունը մեծացնելու գոնե մարզական նեղ շրջանակներում:

Հայաստանի մասնակցությունը

Հայաստանը երրորդ Եվրոպական խաղերին ներկայացված էր 55 մարզիկով: Եթե Բաքվում հայկական թիմը հասկանալի պատճառներով մասնակցեց սակավաթիվ կազմով ու մեդալ նվաճեց միայն հունահռոմեական ոճի ըմբշամարտում (Միհրան Հարությունյանը), ապա Մինսկում ունեցավ միանգամից 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե, և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 11-րդ տեղը՝ շնորհիվ այն բանի, որ երկորրդ Եվրոպական խաղերում ներկայացված էին Հայաստանի համար առանցքային համարվող մարզաձևեր՝ մարմնամարզություն, ըմբշամարտ ու բռնցքամարտ:

Կրակովում, ի սկզբանե, մարզիկների մեծ մասից մեդալային լուրջ ակնկալիքներ չկային: 55 մարզիկներից 22-ն աթլետներ էին, որոնք մասնակցում էին թիմային պայքարին: Աթլետիկայի Հայաստանի հավաքականը երրորդ դիվիզիոնում զբաղեցրեց 10-րդ տեղը, հարաբերականորեն լավ ելույթ ունեցավ եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը հաղթեց իր դիվիզիոնի մրցումները, իսկ ընդհանուր երեք դիվիզիոնի մարզիկների ցուցակում նրա արդյունքը 5-րդն էր: Աթլետներից ոչ ոք չկարողացավ օլիմպիական նորմատիվ լրացնել:

null

Անհաջող էին նաև ջրացատկորդների, թաեքվանդոիստների ու սուսերամարտիկների ելույթները: Առանց օլիմպիական ուղեգրի մնացին նաև հրաձիգներ Երջանիկ Ավետիսյանն ու Բենիկ Խլղաթյանը: Վերջինս Էլիմիրա Կարապետյանի հետ միասին նվաճեցին Հայաստանի միակ արծաթե մեդալը 10մ օդամղիչ ատրճանակի խառը զույգերի մրցաշարում, բայց դա օլիմպիական վարկանիշ չի ապահովում: Թեքբոլի մրցումներին մասնակցած մարզիկները լավ տպավորություն թողեցին, սակայն մեդալների համար պայքարին չկարողացան խառնվել: Կարատեում և մուայթայում նվաճած բրոնզե մեդալներն էլ հաճելի բոնուսներ էին:

Սակայն, եթե այդ մարզաձևերում ի սկզբանե մեծ ակնկալիքներ չկային, ապա բռնցքամարտում իսկական հիասթափություն էր սպասում: Կրակովում խաղարկվում էին բռնցքամարտի առաջին օլիմպիական ուղեգրերը Փարիզ-2024-ի համար, և սպասվում էր, որ երկրների մեծ մասը ներկայանալու են իրենց լավագույն մարզիկներով: 

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը ներկայացված էր 7 բռնցքամարտիկով, կանանց թիմը՝ 6, և նրանք բոլորը պայքարում էին օլիմպիական ուղեգրերի համար: Ուղեգիր նվաճելու համար որոշ քաշային կարգերում պետք էր հասնել կիսաեզրափակիչ, որոշներում՝ եզրափակիչ, բայց Հայաստանի բոլոր՝ 13 ներկայացուցիչները պայքարն ավարտեցին մինչև կիսաեզրափակիչ: Ու եթե կանանց հավաքականի պարագայում ամեն ինչ պարզ էր (6 մարզուհիները միասին նույնիսկ մեկ հաղթանակ չկարողացան տանել), ապա տղամարդկանց հավաքականից ակնկալիքներ կային, հատկապես՝ 2022թ․ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանից (57 կգ), 2023թ. աշխարհի առաջնության փոխչեմպիոն Նարեկ Մանասյանից (92 կգ) ու 2021թ. աշխարհի առաջնության փոխչեմպիոն գերծանր քաշային Դավիթ Չալոյանից: Բայց Լեհաստանում Հայաստանի պատվիրակությունը մեծ հիասթափություն էր սպասում:

Մանասյանը, ինչպես նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, պարտվեցին հենց առաջին մենամարտում: Գարբոյանի ու Նարեկ Հովհաննիսյանի պարագայում պարտությունները սպասելի էին: Երիտասարդ Գարբոյանը դեռ չի կարողանում հարմարվել մեծահասակների ասպարեզում, այս անգամ էլ նրան չհաջողվեց հաղթահարել 2022թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իտալացի Էմիլիո Ֆեդերիկո Սերայի արգելքը: Իսկ ահա Նարեկ Մանասյանի պարագայում ցավալի էր, քանի որ նա պարտվեց Իսպանիան ներկայացնող կուբացի Էմանուել Ռեյեսին, որին հաղթել էր մեկ ամիս առաջ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:

63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը ևս երկար չմնաց մրցաշարում: Նա սկզբում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվիին, սակայն հաջորդ փուլում պարտվեց հունգարացի Ռիխարդ Կովաչին: Հովհաննիսյանը հավաքականում փոխարինում էր Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին, և ի սկզբանե սպասելիքները նրանից մեծ չէին: Բաչկովի մասնակցությունն Օլիմպիական խաղերին հարցականի տակ է, թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, մարզիչներն էլ որոշեցին փորձարկել թիմի երկրորդ համարին: Պարզ է, որ եթե գյումրեցի բռնցքամարտիկը չցանկանա պայքարել Փարիզի ուղեգրի համար, ապա այս քաշային կարգում Հայաստանը դժվար թե ներկայացուցիչ ունենա Օլիմպիական խաղերում:

Մյուս 4 բռնցքամարտիկները՝ Բազեյանը, Չալոյանը, ինչպես նաև 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, հասան քառորդ եզրափակիչ, մտան մեդալների և ուղեգրերի համար պայքարի մեջ, բայց բոլորն էլ պարտություն կրեցին կիսաեզրափակիչ դուրս գալու համար պայքարում: Ցավալի էր Բազեյանի պարտությունը, նա երկու վստահ հաղթանակներից հետո պարտվեց Բուլղարիան ներկայացնող Խավյեր Իբանյես Դիասին, որին հաղթել էր թե 2022-ին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, թե 2021-ին Խերսոնում կայացած միջազգային մրցաշարում:

Դավիթ Չալոյանը ևս երկու վստահ հաղթանակ տարավ, սակայն քառորդ եզրափակիչում հանդիպեց շատ բարդ մրցակցի՝ Մեծ Բրիտանիայի առաջին համար Դեիշիուս Օրիեին: Առաջին երկու ռաունդները տանուլ տալուց հետո Դավիթը երրորդում կարողացավ առավելություն ստանալ, սակայն դա բավարար չէր ընդհանուր հաղթանակի համար, իսկ Օրիեն հետագայում հասավ եզրափակիչ ու դարձավ չեմպիոն:

Ինչ վերաբերում է Մադոյանին և Հակոբյանին, ապա նրանց մեկ քայլ չհերիքեց ուղեգիր նվաճելու համար: Գուրգենը քառորդ եզրափակիչում պարտվեց Մ22 Եվրոպայի փոխչեմպիոն, Սերբիան ներկայացնող նախկին ռուսաստանցի (ազգությամբ՝ ադրբեջանցի) Վախիդ Աբասովին, որը Եվրոպայի չեմպիոն էր դարձել Երևանում: Մադոյանը հավասար մենամարտ անցկացրեց, բայց մրցավարների նախապատվությունը Սերբիայի ներկայացուցչի կողմն էր: Աբասովը հետագայում հասավ եզրափակիչ, որտեղ պարտվեց իր վաղեմի մրցակցին՝ Դանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Նիկոլայ Տերտերյանին:

Հակոբյանն էլ երկու ծանր մենամարտից հետո բոլոր առումներով զիջեց 20-ամյա ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևին:

Հայ բռնցքամարտիկների մոտ զգացվում էր հոգնածություն Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունից հետո: Ու նորից հարց է առաջանում՝ որքանով էր արդարացված Ուզբեկստանի մայրաքաղաքում Հայաստանի հավաքականի առաջատարների մասնակցությունը: Բաչկովի պարագայում դեռ պարզ է, Հովհաննեսը մեծ ցանկություն ուներ աշխարհի չեմպիոնի կոչումն ավելացնել իր տիտղոսներին, քանի որ նման հնարավորություն այլևս կարող է չունենալ: Սակայն մյուսները, որոնք Տաշքենդում, լինելով մարզավիճակի գագաթնակետում, վտանգի տակ դրեցին օլիմպիական ուղեգիր նվաճելու իրենց հնարավորությունները․․․ Խոսքը հատկապես Չալոյանի, Բազեյանի և Մանասյանի մասին է: Այժմ ֆեդերացիան ու մարզչական շտաբն ամեն ինչ պետք է անեն, որ հայ բռնցքամարտիկների համար բավարար պայմաններ ապահովեն վարկանիշային հաջորդ երկու մրցաշարերում: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ու Միջազգային օլիմպիական կոմիտեի լարված հարաբերությունների խորացման ֆոնին ՀԲՖ-ն մեծ աշխատանք պետք է տանի օլիմպիական վարկանիշային մրցումներում հայ մարզիկների շահերը պաշտպանելու, ադեկվատ մրցավարական պայմաններ ստանալու համար: Այլապես Փարիզում տխուր պատկերի ականատես կլինենք՝ հատկապես, եթե Հովհաննես Բաչկովը որոշի հրաժարվել Օլիպիական խաղերին մասնակցելուց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ