5 ամառ առաջ Քայրի Իրվինգը լքեց «Բոսթոն Սելթիքսը»... Թվում է, թե սովորական երևույթ է, երբ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողը փոխում է թիմն ավելի լավ պայմանների, ավելի բարձր աշխատավարձի և որ ամենակարևորն է՝ չեմպիոնական շանսերը մեծացնելու համար...
Իրվինգի պատմությունը, սակայն, մի փոքր այլ է: «ԹիԴի Գարդենում» 5 տարի առաջ տված խոստումը հույս տվեց շատերին, բայց հույսն այս անգամ վերջինը չմեռավ. Քայրին հեռացավ՝ թիկունքում թողնելով հարյուր հազարավոր երկրպագուների հավատը, սերն ու հավատարմությունը...
Եվ 2024-ին, Իրվինգը կրկին կգա «ԹիԴի Գարդեն», կրկին կխաղա «Սելթիքսի» երկրպագուների աչքի առջև, սակայն մի մեծ տարբերությամբ սակայն. Իրվինգը կլինի «Դալաս Մավերիքսի» մարզաշապիկով:
«Դալաս Մավերիքս»
50-32 ցուցանիշով Արմտյան Կոնֆերենցիայի 5-րդ թիմը NBA-ի մեծ եզրափակիչում է: «Դալասին» քչերն էին հավատում, չնայած այս կազմից ավելի թույլ ռոսթերով «Մավերիքսը» 2 տարի առաջ հայտնվել էր Կոնֆերենցիայի եզրափակիչում: Այն ժամանակ փորձառու «Գոլդեն Սթեյթ Ուորիորսն» ու ապագա եզրափակիչի MVP Սթեֆ Քարին կանգնեցրին տեխասցիներին:
Ընթացիկ փլեյ-օֆֆում նույնն անել «Մինեսոտա Թիմբերվուլվզին» չհաջողվեց: «Մավերիքսն» ավելի կենտրոնացած էր քլաչերում, Լուկա Դոնչիչն ու Քայրի Իրվինգը կատարում էին սուպերաստղի պարտականությունները, ռուքի Դերեկ Լայվլի II-ն էլ մոր ողբերգական մահից հետո նոր շնչով էր կռվում մանրահատակին, հանուն նրա հիշատակի։
«Նա վերևից նայում է ինձ, այս հաղթանակը նրանն է, նրա շնորհիվ եմ ես բասկետբոլ խաղում» - «Թիմբերվուլվզի» դեմ 5-րդ ու սերիայի վճռորոշ խաղից հետո Լայվլին հենց այսպես նկարագրեց իր ֆանտաստիկ ելույթը: Կոնֆերենցիայի եզրափակիչում «Մինեսոտայի» դեմ խաղից չի վրիպել: 5 խաղում 16 նետում, 16-ն էլ՝ դիպուկ:
«Մեվսի» հաջողություններում, սակայն, ամենամեծ դերն ունի Լուկա Դոնչիչը: Լուկա Մեջիքը փլեյ-օֆֆի լավագույն բասկետբոլիստն է գրեթե բոլոր միջին ցուցանիշներով՝ լավագույն սքորեր, ասիստենտ, ռեբաունդեր.
Եվ, իհարկե, դալասյան «անկյունների» պատասխանատուները: ՓիՋեյ Վաշինգտոնն ու Դերիկ Ջոնս կրտսերը առաջինն ու երկրորդն են փլեյ-օֆֆում անկյունից իրացրած երեք միավորանոցների քանակով: 68 փորձից 28 դիպուկ 3-միավորանոց Վաշինգտոնի, 37 փորձից 17-ը՝ Ջոնս կրտսերի հաշվին։
«Բոսթոն Սելթիքս»
Մանրահատակի մյուս կողմում «Բոսթոն Սելթիքսն» է, կանոնավոր առաջնության լավագույն թիմը, որը Արևելքում խնդիր չունեցավ նաև փլեյ-օֆֆի ընթացքում: Նախ հաղթանակ առանց Բաթլերի մնացած «Մայամի Հիթի» (4-1), հետո «Քլիվլենդ Քավալիերսի» (4-1) և «Ինդիանա Փեյսերսի» (4-0) նկատմամբ:
«Սելթիքսն» ունի լիգայի լավագույն պաշտպանական դուետներից մեկը, Հոլիդեյն ու Ուայթը գնդակով մրցակցի դեմ պաշտպանվող լավագույն գարդերից են: Դրան էլ ավելացնենք սուպերաստղային հարձակման գիծը՝ Ջեյսոն Թեյթում և Ջեյլեն Բրաուն:
Եզրափակիչում կարևոր դեր կխաղա նաև Քրիստապս Պորզինգիսի վերադարձը: Լատվիացի բիգմենը «Կելտերի» խաղային սխեմայի վերջին մասնիկն է, բիգմեն, որը կարողանում է և՛ փակել սեփական օղակը, և՛ գրոհել կորագծից և, իհարկե, փիք-ն-ռոլլներ խաղարկել թիմակիցների հետ:
«Սելթիքսը» նաև մրցակիցներին հեղեղում է 3-միավորանոցներով: Գտնում ճեղքեր պաշտպանության տարբեր հատվածներում, եթե փակ է մեկը, մյուսը հաստատ սպասում է փոխանցման։
«Կելտերին» հաղթելու համար Դոնչիչը կրկին պետք է հաստատի իր հրաշագործ լինելու փաստը, Իրվինգն էլ շարունակի փայլել քլաչերում:
NBA-ի եզրափակիչը և պայքարը չեմպիոնական մատանիների համար կմեկնարկի հունիսի 7-ից ու կցացադրվի Fast Sports-ի եթերում: 4 հաղթանակ և դու չեմպիոն ես, առաջին հայացքից ոչ այնքան բարդ առաջադրանք, իրականում անսպասելի ու անկանխատեսելի պատմություն երկու հնարավոր ելքով: Կհաջողվի՞ «Մավերիքսին» 2011 թվականից հետո առաջին և ֆրանշիզայի պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել չեմպիոնությունը, թե՞ «Սելթիքսը» կդառնա միանձնյա առաջատար նվաճած տիտղոսների թվով և կգերազանցի «Լոս Անջելես Լեյքերսին»: Հարցեր, որոնց պատասխանները կստանանք եզրափակիչ սերիայի ավարտից հետո միայն։