Logo

Մաթեուս Այասը եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:50 / 28.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում գրավելով Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» դարպասը, «Նոայի» հարձակվող Մաթեուս Այասը եվրագավաթներում 8-րդ գոլը խփեց ու դարձավ եվրոպական գավաթների մրցաշարերում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուն: Նա գերազանցեց նախկին փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին եվրագավաթներում 7 գոլ էր գրանցված:

Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում Մաթեուս Այասը 2-րդ գոլը խփեց: Նա գոլերի հաշիվը բացել էր հունգարական «Ֆերենցվարոշի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում ու 7 գնդակով դարձել էր եվրագավաթներում «Նոայի» գլխավոր ռմբարկուն՝ մեկ գնդակով գերազանցելով Գոնսալու Գրեգորիուի ցուցանիշը:

Նախորդ մրցաշրջանում «Նոայում» ելույթները սկսած Մաթեուս Այասը եվրագավաթներում իր գոլերի հաշիվը բացել էր Սլովակիայի «Ռուժոմբերոկի» հետ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի տնային խաղում: Ավելացված ժամանակում նրա խփած գոլի շնորհիվ «Նոան» հաղթեց 3-0 հաշվով:

Պատասխան խաղում հայկական թիմը պարտվում էր 0-3 հաշվով ու կրկին օգնության հասավ Մաթեուս Այասը՝ 88-րդ րոպեին խփելով «Նոայի» համար անչափ կարևոր գոլը, որի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճեց:

Հիմնական փուլում Մաթեուս Այասն իրեն հիանալի դրսևորեց՝ 4 գոլով դառնալով այդ փուլում թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Եվ հենց Այասը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոայի» խփած առաջին գոլի հեղինակը՝ գրավելով չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը: Հետագայում նա մեկ գոլ խփեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դարպասը և դուբլի հեղինակ դարձավ սերբական «Բաչկա Տոպոլայի» հետ մրցավեճում:

Իսկ ինչպես է ընթացել պայքարը եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուի տիտղոսի համար: Առաջինը փյունիկցի Արսեն Ավետիսյանն էր, որը 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում ֆիննական ՀԻԿ-ի հետ երկխաղյա դիմակայությունում 3 գոլ խփեց: Ընդ որում սեփական դաշտում անցկացրած մեկնարկային խաղում «Փյունիկի» հարձակվողը դարձավ եվրագավաթներում դուբլ ձևակերպած առաջին ֆուտբոլիստը:

Եվրագավաթների հաջորդ խաղարկության ավարտից հետո Արսեն Ավետիսյանին 3 գնդակով հավասարվեց նրա թիմակից Արմեն Սանամյանը: Նա մեկ գոլ խփել էր նախորդ խաղարկությունում ՀԻԿ-ի դարպասը, 1997/98թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում էլ դուբլ էր ձևակերպել հունգարական ՄՏԿ-ի հետ մրցավեճում:

Եվրագավաթների 2001/02թթ. խաղարկության ավարտից հետո ռմբարկուների պայքարում եռիշխանություն հաստատվեց: Արսեն Ավետիսյանին և Արմեն Սանամյանին միացավ շիրակցի Արարատ Հարությունյանը, որը գոլերի հաշիվը բացել էր դեռևս 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ գրավելով Կիպրոսի «Անորտոսիսի» դարպասը: Իսկ 2001թ. նա դուբլի հեղինակ դարձավ հունգարական «Լոմբարդի» հետ կայացած Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում:

Հաջորդ մրցաշրջանում կրկին դուբլ գրանցելով պորտուգալական «Սանտա Կլարայի» հետ Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում, Արարատ Հարությունյանը 5 գնդակով դարձավ եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուն:

Միայն 2020/21թթ. մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիմային հաջողվեց կրկնել Արարատ Հարությունյանի ցուցանիշը: Նախորդ խաղարկությունում նա 2 գոլ էր խփել, որին ավելացրեց ևս 3-ը:

2023/24թթ. մրցաշրջանից հետո եվրագավաթների գլխավոր ռմբարկուի տիտղոսին արժանացան փյունիկցիներ Լուկա Յուրիչիչն ու Արտակ Դաշյանը՝ գոլերի թիվը հասցնելով 6-ի: Ինչպես նախորդ, այնպես էլ այդ մրցաշրջանում Յուրիչիչը 3-ական գոլ խփեց: Դաշյանը եվրագավաթներում գոլերի հաշիվը բացել էր դեռևս «Բանանցում» 2009/10թթ. մրցաշրջանում: 2013թ. նա մեկ գոլ էր խփել «Գանձասարում», իսկ «Փյունիկում» 2022/23 և 2023/24թթ. մրցաշրջաններում 2-ական անգամ էր աչքի ընկել:

Եվրագավաթների 2024/25թթ. խաղարկությունում արդյունավետ խաղով աչքի ընկած «Նոայի» ֆուտբոլիստներ Գոնսալու Գրեգորիուն և Մաթեուս Այասը 6-ական գոլով հավասարվեցին Լուկա Յուրիչիչին ու Արտակ Դաշյանին: Ընդ որում գոլերից 4-ը Այասը խփեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում՝ ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում ռմբարկուների ցանկը 7 գոլով գլխավորեց փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն, որը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում դուբլի հեղինակ էր դարձել Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» հետ մրցավեճում:

FastNews-ը ներկայացնում է եվրագավաթներում հայկական ակումբներում հանդես եկած լավագույն ռմբարկուների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ

Գոլ

1. Մաթեուս Այաս  

8

2. Յուսուֆ Օտուբանջո

7

3.Արտակ Դաշյան

6

4. Գոնսալու Գրեգորիու

6

5. Լուկա Յուրիչիչ

6

6. Ուլադ Օմար

5

7. Մաիլսոն Լիմա

5

8. Արարատ Հարությունյան

5

9. Արամ Հակոբյան

4

10. Ուրոշ Նենադովիչ

4

11. Արսեն Ավետիսյան

4

12.Ժոզե Էմբալու

4

13. Արտակ Եդիգարյան    

4

14. Անտոն Կոբյալկո

4

15. Պետրոս Ավետիսյան

4

16. Վիրջիլ Պինսոն

4

17. Հելդեր Ֆեռեյրա           

4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ